Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավները ցուցադրվել են Ազգային պատկերասրահում

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ փոխանցվել է Հայաստանի ազգային պատկերասրահին և ներկայացվել ցուցադրության, հայտնել է Քննչական կոմիտեն (ՔԿ)։

Ցուցադրությանը ներկա են գտնվել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրանք ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում Խաչատրյանից առգրավված և պատկերասրահին  հանձնված կտավների ցուցադրությանը։

ՔԿ-ից հավելել են, որ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված 70 կտավները սեպտեմբերի 11-ի որոշմամբ են իրեղեն ապացույց ճանաչվել և հանձնվել Ազգային պատկերասրահին։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման հոդվածներով: Խաչատրյանն անցնում է նաև ապօրինի գույքի գործով։ Պաշտպանական կողմը նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Leave a Comment