Սոցփաթեթի շահառուների մի զգալի հատվածը ուսուցիչներն էին, որոնց համար պետությունն առանձին տարբեր ծրագրերով տվել ու տալիս է երաշխիքներ ու հնարավորություններ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։
Նա նշեց, որ պետական քաղաքականությունն ուղղված է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու դրա հիմքով աշխատավարձերի բարձրացման մեխանիզմներին։
«Կրթության ոլորտում ներդրված է կամավոր ատեստավորման համակարգը։ Ներկայում շուրջ 9500 ուսուցիչ ունի բարձրացված դրույքաչափ և լրավճար է ստանում ատեստավորման արդյունքում։ Նախատեսում ենք այս պահին ատեստավորված ուսուցիչների համար սահմանված 200 հազար դրույքաչափը դարձնել 300 հազար։ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է նաև ուսուցչի կարգավիճակի մասին օրենքի լրամշակում, որը կսահմանի սոցիալական շատ երաշխիքներ ու արտոնություններ ուսուցիչների համար»,-ասաց Սուսաննա Ազատյանը։
Ասուլիսին ներկա Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանն իր հերթի հավելեց, որ սոցփաթեթի շրջանակում քաղաքացին ուներ հնարավորություն տարվա մեջ մեկ անգամ գնալ պոլիկլինիկա և որևէ գանգատ չունենալու պարագայում որոշակի հետազոտություն անցներ։ Համընդհանուր ապահովագրությունը ևս այդ հնարավորությունը տալու է։ 2029 թվականից ուժի մեջ կմտնի այդ բաղադրիչը, որով նախատեսվում է քաղաքացիներին տալ հնարավորություն նախնական բուժզննումների։ Սա կանխարգելիչ շատ կարևոր բաղադրիչ է»,-ասաց Հայկ Բաբայանն՝ ընդգծելով, որ ամենամյա բուժզննումը պարտադիր է լինելու։
Նա նաև տեղեկացրեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկվելու են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում նրանք, որոնք ունեցել են սոցիալական փաթեթ։ Քննարկվում է, որ հաջորդ տարի մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական աշխատողների համար առողջության ապահովագրավճարի 10 800 դրամից 8800 դրամը վճարվի բյուջեից։