07 Հոկտեմբերի 2026, 13:30
Սեպտեմբերին զբոսաշրջային «GO EAST» տուրիստական ընկերությունը Հայաստանի մասին նյութերի շարք է ներկայացրել։ Այն ներառում է երկրին նվիրված ուղեցույց, առանձին հոդվածներ Երևանի, հայկական խոհանոցի, գինեգործության, հետիոտնային երթուղիների մասին, ինչպես նաև ուղևորության պլանավորման վերաբերյալ խորհուրդներ։
Գլխավոր՝ «Armenia: the complete guide to planning your trip» ուղեցույցում խորհուրդ է տրվում Հայաստանում անցկացնել 8-11 օր։ Ճանապարհորդության համար լավագույն ժամանակահատվածներն են մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։
Ուղեցույցի հեղինակները խորհուրդ են տալիս Երևանին հատկացնել երեք օր։ Հիմնական տեսարժան վայրերից նշվում են Հանրապետության հրապարակը, Կասկադը և Մատենադարանը։
Առանձին նյութ է նվիրված հայկական խոհանոցին և գինեգործության վերածննդին։ Այն ներկայացնում է ավանդական ուտեստներ՝ լավաշը, խորովածը, տոլման, ղափաման, հարիսան և գաթան։ Հիշատակվում են նաև «Արենի Նուար» և «Ոսկեհատ» տեղական խաղողի սորտերից պատրաստվող գինիները և Վայոց ձորի գինեգործական տարածաշրջանը։
«GO EAST»-ը Հայաստանը ներկայացնում է նաև որպես ակտիվ զբոսաշրջության ուղղություն։ Ուղեցույցում նկարագրված են երթուղիներ Դիլիջանում, Արագածում, Վայոց ձորում, Տաթևում և Խնձորեսկում։