
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի դպրոցում երկրորդ դասարանի աշակերտուհուն դասվարի կողմից հարվածելու դեպքով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով:
Աղջնակի հարազատներից մեկն էր պատմել, որ անցած չորեքշաբթի դպրոցի դասվարը հարվածել է երեխային: Նա դպրոց չի գնում:
Միաժամանակ, նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։
Երեխայի ընտանիքը դիմել էր մարզպետարան, որտեղից պատասխանել էին՝ որպեսզի ուսուցիչն ազատվի աշխատանքից, գոնե 7 ծնողի բողոք է պետք:
Այս միջադեպով ոստիկանությունը նյութերն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե, «Ազատությանը» հայտնել էին Ներքին գործերի նախարարությունից: Քննչականում գործ է հարուցվել:
Սա նոր ուսումնական տարվա առաջին ամսում աշակերտների հանդեպ բռնության միակ դեպքը չէ: Երկու շաբաթ առաջ Տավուշի Բերդավան գյուղի դպրոցում սովորող 13-ամյա տղային մաթեմատիկայի ուսուցիչը ապտակել է, հրել-գցել սեղանի վրա, տետրով խփել գլխին այնպես, որ տետրի ծայրը աչքն է մտել: Տղան դպրոց է գնում, բայց ըստ մայրիկի, սթրեսային վիճակում:
Այս գործով ուսուցիչը մեղադրյալ է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։