Հարկադիր կատարողները արգելանք են կիրառել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի նկատմամբ

Պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքերի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ արգելանք է կիրառվել։ ՀԿԱԾ- ից տեղեկացնում են, որ դա կատարվել է ծառայության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում։

Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

«Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ»,- հայտնում է ՀԿԱԾ- ը։

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

Leave a Comment