Չեք աշխատել, բայց արձակուրդի ստաժը հաշվվե՞լ է․ որ օրերն է հաշվի առնում օրենքը

Ամենամյա արձակուրդը երբ և ինչ կարգով է տրամադրվում, և որ ժամանակահատվածներն են հաշվի առնվում դրա համար անհրաժեշտ աշխատանքային ստաժում․ այս հարցերը կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ 

Iravaban.net–ը, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ և 165-րդ հոդվածները, ներկայացնում է՝ ով կարող է ընտրել արձակուրդի ժամանակը, երբ է այն տրամադրվում և աշխատանքի չգնալու որ ժամանակահատվածներն են, այնուամենայնիվ, հաշվարկվում ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ ստաժում։

Ի՞նչ է սահմանում ՀՀ ԱՕ 164-րդ հոդվածը։

Սահմանում է ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը և այն դեպքերը, երբ աշխատողն ունի արձակուրդի ժամանակը ընտրելու իրավունք։

Աշխատանքի առաջին տարում ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ գործատուի մոտ անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո։ Կողմերի համաձայնությամբ այն կարող է տրամադրվել նաև ավելի վաղ։

Երկրորդ և հաջորդ աշխատանքային տարիներին արձակուրդը կարող է տրամադրվել աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ սահմանված հերթականությանը համապատասխան։ Հերթականությունը որոշվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ կողմերի համաձայնությամբ։

Միևնույն ժամանակ, օրենքը որոշ աշխատողների տալիս է արձակուրդի ժամանակն իրենց նախընտրած ձևով ընտրելու իրավունք։ Այդ թվում՝

  • մինչև 18 տարեկան աշխատողներին,
  • հղի կանանց,
  • մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողին,
  • հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին տանը խնամող աշխատողին՝ բժշկական եզրակացության հիման վրա,
  • մթնոլորտային պայմաններից հիվանդության սրացումը կախված քրոնիկ հիվանդություն ունեցող աշխատողին,
  • աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին։

Ուշագրավ է նաև, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ՝ այդ թվում աշխատանքի առաջին տարում։

Եթե աշխատողը 2,5 աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք արձակուրդից՝ չներկայացնելով համապատասխան դիմում, օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում արձակուրդի ժամանակահատվածը կարող է որոշել գործատուն՝ առանց աշխատողի դիմումի։

Այսպիսով, ամենամյա արձակուրդի տրամադրումը կարգավորվում է ոչ միայն գործատուի և աշխատողի համաձայնությամբ, այլև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հատուկ կանոններով։

Ո՞ր ժամանակահատվածներն են հաշվի առնվում ամենամյա արձակուրդի ստաժում

ՀՀ ԱՕ 165-րդ հոդվածով սահմանվում է, թե որ ժամանակահատվածներն են ներառվում այն աշխատանքային տարում, որի համար աշխատողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ։

Արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժում, մասնավորապես, ներառվում են՝

  • աշխատողի փաստացի աշխատած ժամանակահատվածը,
  • այն ժամանակը, երբ օրենքով պահպանվել է աշխատողի պաշտոնը և աշխատավարձը՝ ամբողջությամբ կամ մասամբ,
  • ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը,
  • վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակը,
  • հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը, եթե աշխատողը վերականգնվել է նախկին աշխատանքում,
  • օրինական գործադուլի ժամանակահատվածը,
  • վարժական հավաքների, զորահավաքային զինվորական ծառայության, ինչպես նաև օրենքով նախատեսված կամավորական ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը,
  • օրենքով նախատեսված այլ ժամանակահատվածներ։

Այսինքն՝ ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ ստաժը հաշվարկելիս հաշվի է առնվում ոչ միայն այն ժամանակը, երբ աշխատողն անմիջականորեն կատարել է իր աշխատանքային պարտականությունները, այլև օրենքով սահմանված մի շարք այլ ժամանակահատվածներ,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment