Ի՞նչ ընդմիջումներ են նախատեսված աշխատողների համար․ պարզաբանում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը՝ աշխատողն իրավունք ունի աշխատանքից ազատ ժամանակն օգտագործել իր հայեցողությամբ։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է հանգստի ժամանակի տարբեր տեսակներ՝ աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու և սնվելու ընդմիջումից մինչև աշխատանքային օրերի կամ հերթափոխերի միջև պարտադիր անընդմեջ հանգիստ։

Հանգստի ժամանակի տեսակներն են՝

  • Հանգստանալու և սնվելու ընդմիջում․ աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու և սնվելու համար նախատեսված ժամանակ։
  • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ․ աշխատանքային օրվա կամ հերթափոխի ընթացքում հանգստանալու համար տրամադրվող ընդմիջումներ։
  • Աշխատանքային օրերի միջև հանգիստ․ երկու աշխատանքային օրերի կամ հերթափոխերի միջև ընկած անընդմեջ հանգիստը։
  • Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ․ շաբաթվա ընթացքում աշխատողին տրամադրվող անընդմեջ հանգստի ժամանակը։
  • Ամենամյա հանգիստ․ ներառում է ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի օրերը և արձակուրդը։

ՀՀ ԱՕ 152-րդ հոդվածը սահմանում է աշխատողի՝ աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու և սնվելու համար ընդմիջման իրավունքը։

Հիմնական կանոնները՝

  • Ընդմիջումը պետք է տրամադրվի աշխատանքը սկսելուց ոչ ուշ, քան 4 ժամ հետո։
  • Այն պետք է տևի առնվազն 30 րոպե, բայց ոչ ավելի, քան 2 ժամ։
  • Ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում։
  • Այդ ընթացքում աշխատողը կարող է հեռանալ աշխատավայրից և ժամանակն օգտագործել իր հայեցողությամբ։
  • Եթե աշխատանքային օրը չի գերազանցում 4 ժամը, նման ընդմիջում կարող է տրամադրվել կողմերի համաձայնությամբ։ Հղի կանանց և մինչև 18 տարեկան աշխատողների համար այն տրամադրվում է նրանց նախընտրած ժամին։
  • Եթե աշխատանքի պայմաններից ելնելով սովորական ընդմիջում տրամադրել հնարավոր չէ, գործատուն պետք է ապահովի աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն։
  • Ընդմիջման կոնկրետ սկիզբն ու ավարտը սահմանվում են ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով։
  • Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում որոշ նախատոնական և նախահանգստյան օրերին աշխատանքը կարող է իրականացվել առանց ընդմիջման, եթե աշխատանքային օրը չի գերազանցում 6 ժամը։

ՀՀ ԱՕ 153-րդ հոդվածը նախատեսում է լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ, որոնք տրվում են աշխատանքի պայմաններից կամ աշխատողի տարիքից ելնելով։

Կարևոր դրույթները՝

  • Աշխատանքի պայմաններից ելնելով՝ աշխատողին կարող է տրամադրվել լրացուցիչ ընդմիջում՝ հանգստանալու համար։
  • Եթե մինչև 18 տարեկան աշխատողի աշխատանքային օրը գերազանցում է 4 ժամը, նրան պետք է տրամադրվի առնվազն 30 րոպե լրացուցիչ ընդմիջում։
  • Հատուկ ընդմիջումներ պարտադիր են, երբ աշխատանքը կատարվում է՝
    • +40°C-ից բարձր կամ -10°C-ից ցածր օդի ջերմաստիճանի պայմաններում,
    • ծանր ֆիզիկական, մտավոր կամ հուզական գերլարվածության պայմաններում,
    • կամ այնպիսի վնասակար գործոնների առկայությամբ, որոնց թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ նվազեցնել անվտանգ մակարդակի։
  • Ի տարբերություն սնվելու և հանգստի սովորական ընդմիջման՝ լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում։
  • Դրանց քանակը, տևողությունը և հանգստանալու վայրը սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով։
  • Տրամադրման կարգը կարող է սահմանվել նաև ներքին կարգապահական կանոններով և աշխատանքի ժամանակացույցով։

ՀՀ ԱՕ 154-րդ հոդվածը սահմանում է աշխատանքային օրերի կամ հերթափոխերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի նվազագույն տևողությունը։

Կարևոր դրույթները՝

  • Աշխատանքային օրերի կամ հերթափոխերի միջև հանգիստը պետք է լինի առնվազն 11 ժամ։
  • Մինչև 16 տարեկան աշխատողների ամենօրյա հանգիստը պետք է լինի առնվազն 16 ժամ։
  • 16-18 տարեկան աշխատողների ամենօրյա հանգիստը պետք է լինի առնվազն 12 ժամ։
  • Մինչև 18 տարեկանների հանգստի ժամանակահատվածը պետք է ներառի 22:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածը, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի։

Leave a Comment