Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների տեղակայման մասին տեղեկություններ, բացել համապատասխան արխիվները և նպաստել վկաների ցուցմունքների հավաքագրմանը։ Այս մասին նա հայտարարել է Բաքվում անհետ կորածների հարցով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևն այդ տեղեկությունների տրամադրումը համարում է Երևանի իրավական և մարդասիրական պարտավորությունը, ինչպես նաև խաղաղությանը նվիրվածության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված ներդրում։
Նա նաև առաջարկել է ՄԱԿ-ի շրջանակում ստեղծել անհետ կորածների հարցերով հատուկ մեխանիզմ։
Ալիևի խոսքով՝ կայուն խաղաղության հաստատումը պահանջում է ոչ միայն քաղաքական պայմանավորվածություններ, այլև հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում։ Անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը նա համարել է այս գործընթացի անբաժանելի մասը։
«Մարդկանց ճակատագրերին վերաբերող տեղեկությունները չպետք է քաղաքական պայմանների առարկա դառնան»,- ասված է ուղերձում։
Միաժամանակ, ուղերձում Ալիևը չի հայտնել՝ արդյոք Բաքուն պատրաստ է հայկական կողմին տեղեկություններ տրամադրել անհետ կորած հայերի ճակատագրի մասին։ Նա չի անդրադարձել նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող մյուս անձանց ազատ արձակման հարցին։
Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանում գրանցված է ավելի քան 4000 անհետ կորած անձ, իսկ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է ադրբեջանցիների գերեզմաններ։
