Ինքնիշխանությո՞ւն, թե՞ դոմինանտող կողմի կամքի բավարարում, սա է Հայաստանի առաջ դրված այս փորձաքարը. Արա Պողոսյան

Արդարադատություն իրականացնելը պետության ինքնիշխանության ամենակարևոր և առանցքային դրսևորումներից մեկն է։ Պատահական չէ, որ հաճախ պետության ինքնիշխանությունը չափվում է նրա դատարանների անկախությամբ` ինչքան անկախ էլ դատարանը, այնքան անկախ էլ պետությունը։

Պետության տարածք ապօրինի մուտքը, քաղաքացիների կյանքի իրավունքի նկատմամբ հարձակումը, սպանության փորձը, քաղաքացու տուն ներխուժելը հանցագործություններ են, որոնք անկասկած պետք է արժանան արդարադատության համարժեք պատասխանին։

Սակայն այն քննարկումները, որոնք առկա են թշնամու զինվորի շուրջ, խոսում են հանրային ընկալման մեջ Հայաստանի ինքնիշխանության դեֆորմացիայի, և գործնական կյանքում` ինքնիշխանության ճգնաժամի մասին։

Ցանկացած պետության գոյության թիվ մեկ ֆունկցիոնալ պարտականությունը իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, իսկ այստեղ ակնհայտորեն ՀՀ-ն ձախողել է` սահմանային անվտանգությունից ու հսկողությունից մինչև հետախուզության ու հակահետախուզության գործառույթներ։

ԵՒ հիմա իշխանության, իշխանության կցորդների ու հասարակության որոշ հատվածի արձագանքը կատարվածին խոսում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման և հայ-ադրբեջանական ուղղահայաց հարաբերությունների մասին։

Խնդիրը նույնիսկ զինվորը չի, այլ այն, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել ՀՀ-ն և որքա՞ն է նրա ինքնիշխանության և իրավազորության սահմանը։

Իհարկե, քանի դեռ Ադրբեջանի կողմից չկա պաշտոնական ձևակերպված պահանջ, իշխանությունները կարող են ժամանակ ձգել` որոշակի գործառույթներ իրականացնելու համար, սակայն ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը պահանջ ներկայացնի…Իսկ վաղ թե ուշ դա լինելու է։

Թշնամու զինվորի պատմությունը իրականում մեծ փորձաքար է Հայաստանի Հանրապետության համար` կատարե՞լ դոմինանտ կողմի կամքը, թե՞ դրսևորել ինքնիշխանության իր գործառույթները։

Արա Պողոսյան, քաղաքագետ

Leave a Comment