Ֆրանսիայում շարունակվում են ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները։ Նախօրեին երկրում տեղի ունեցած ցույցերին միացել են աշակերտների ծնողները, ինչպես նաեւ որոշ ուսանողներ եւ ուսուցիչներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիաներին մասնակցել է 450 հազար մարդ, իսկ Փարիզում փողոց է դուրս եկել 100 հազարը։ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է 256 հազար մարդ, որից 56 հազարը՝ մայրաքաղաքում, հայտնում է Ֆրանսիական միջազգային ռադիոն՝ RFI-ն։
Որոշ քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Հաղորդվում է 488 ձերբակալվածի, ինչպես նաեւ իրավապահ մարմինների 43 տուժած աշխատակցի մասին։ Ընդհանուր առմամբ, ՆԳՆ-ի տվյալներով, սեպտեմբերի 28-ին ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 6547 մարդ։
Ազգային ժողովում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ մինչեւ շաբաթվա վերջ լիցեյներում դասերը դադարեցվում են «ներքին ժողովրդավարության ժամանակ» աշակերտների հետ քննարկումներ անցկացնելու համար։
Վարչապետը մեկնաբանել է նաեւ բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների կողմից բռնության հարցը։ «Մենք չենք կարող բռնության նկատմամբ հանդուրժողականության համար տարածք թողնել»,- հայտարարել է Լեկորնյուն։
«Նորմալ գործող ժողովրդավարության պայմաններում գոյություն ունի յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների անձնական պատասխանատվությունը»,- ասել է նա։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները ավագ դպրոցի աշակերտների շարժման մեկնարկից ի վեր գործում են «առավելագույն համաչափությամբ»։
Ավելի վաղ իրավապաշտպաններն ու արհմիությունների ներկայացուցիչները դատապարտել էին աշակերտների ակցիաների ընթացքում «աննախադեպ մասշտաբի» ձերբակալությունները եւ ընդգծել, որ դրանցից շատերը բռնի են եղել։ Ոստիկանության բռնությունը, որը կիրառվել է ավագ դպրոցի աշակերտների նկատմամբ, «անցել է կրիտիկական սահմանը»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։
Ավագ դպրոցի աշակերտների շարժման ներկայացուցիչները կոչ են արել հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, անցկացնել եւս մեկ օր բողոքի ակցիաներով։