Հայկական երկաթուղիները մեծ մասով զիջում են հարեւան երկրների տարանցիկ միջանցքներին. Կալուգին

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների հիմնական գործոնները աշխարհագրությունը եւ տնտեսությունն են, «ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Այսօր տարածաշրջանի տրանսպորտային համակարգը, ընդհանուր առմամբ, արդեն ձեւավորվել է։ Այն ձեւավորում են առկա եւ ապագայում հնարավոր բեռնահոսքերի հիմնական ուղղությունները»,- ասել է նա։

Ըստ Կալուգինի՝ լոգիստիկ ոլորտում Հայաստանի մրցակիցներն են Վրաստանը եւ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին։

«Ընդ որում՝ հարեւանները զգալիորեն առաջ են անցել իրենց երկաթուղիների միջազգային տարանցիկ հատվածների կառուցման գործում։ Այս տարի վերակառուցումից հետո արդեն գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը, որի թողունակությունը տարեկան 5 միլիոն տոննա բեռ է»,- ասել է նա։

Կալուգինը նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է երկաթուղային հաղորդակցությունները Նախիջեւանում, «որը նախատեսվում է վերածել երեք ուղղությունների հանգույցի՝ դեպի Ադրբեջանի հիմնական տարածք՝ Հայաստանի Սյունիքի մարզով, դեպի Թուրքիա՝ Սադարակ-Դիլուջու գծով (դրա շինարարությունն արդեն ընթանում է, եւ այն զգալիորեն ավելի կարճ կլինի, քան հայկական ցանցով դեպի Կարս դուրս գալու ճանապարհը) եւ դեպի Իրան՝ Ջուղայում միացմամբ»։

Կալուգինը նշել է, որ, հաշվի առնելով աշխարհագրական գործոնները, ինչպես նաեւ մրցակցող երթուղիների մեծ մասի պատրաստվածության ավելի բարձր աստիճանը՝ հայկական երկաթուղիները պարամետրերի մեծ մասով զիջում են հարեւան երկրների տարանցիկ միջանցքներին։

Leave a Comment