ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված և երկու մահացու ներարկումից հետո ողջ մնացած 50-ամյա ամերիկուհի Քրիստա Փայքը «հակառակ ամեն ինչի՝ գիտակցության է եկել և կարողանում է խոսել». հայտնել են նրա փաստաբանները:
Փայքը շարունակում է բուժումը Թենեսի նահանգի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ անգիտակից վիճակում հայտնվել էր անցյալ շաբաթ՝ դատավճռի ի կատար ածման փորձից հետո։ Նրան ներարկել էին պենտոբարբիտալի երկու չափաբաժին, որոնք, այնուամենայնիվ, նրան չէին զրկել կյանքից:
Այս ամբողջ ընթացքում բժիշկները զբաղված են եղել նրա օրգանիզմից պենտոբարբիտալի դուրսբերմամբ:
ԱՄՆ օրենսդրությունը ենթադրում է, որ մահապատժի դատապարտվածին կարող է արվել նմանատիպ միայն երկու ներարկում:
Փայքին հիվանդանոցում պահում են ձեռնաշղթաներով և մահճակալին ամրացված ոտնաշղթաներով՝ չնայած ներարկումների ընթացքում նրա ստացած վնասվածքներին, հայտնել են փաստաբանները:
Դատավճռի ի կատար ածման նախօրեին Փայքի պաշտպանական կողմը զգուշացնում էր, որ նրա երակների կառուցվածքային առանձնահատկությունները կարող են բարդացնել մահապատիժը և նրան «անհամաչափ տառապանքներ» պատճառել:
Ինչպես հայտարարել են Փայքի փաստաբանները, այն, որ նա գիտակցության է եկել մահապատժի ի կատար ածման երկու անհաջող փորձից հետո, «աննախադեպ է բժշկական տեսանկյունից»:
Թե ինչ կլինի հետո, մնում է անորոշ․ Թենեսիի իշխանությունները դեռևս չեն հայտնել՝ արդյոք կփորձեն ևս մեկ անգամ ի կատար ածել դատավճիռը:
Այնուամենայնիվ, Թենեսիի նահանգապետ Բիլ Լին կասեցրել է բոլոր մահապատիժների իրականացումը մինչև տարեվերջ, իսկ նահանգի քրեակատարողական համակարգի ղեկավարն անցյալ հանգստյան օրերին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին:
