
Սպիտակ տունը ԱՄՆ միջանկյալ ընտրություններին չի հրավիրել ԵԱՀԿ դիտորդներին։ 2002 թվականից ի վեր, երբ ԵԱՀԿ-ն սկսել է դիտարկել ԱՄՆ ընտրությունները, սա առաջին նման նախադեպն է, հայտնում է MS NOW հեռուստաալիքը։
Նման որոշման պատճառ հայտարարվում է ընտրություններին միջամտության հետ կապված մտահոգությունը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ ԵԱՀԿ-ն «պետք է իր սահմանափակ ռեսուրսները կենտրոնացնի այն ընտրությունների վրա, որտեղ կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ»։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում ընտրություններին հետեւելու են արդարադատության նախարարության դիտորդները։
Իր հայտարարության մեջ ԵԱՀԿ-ն նշել է, որ Թրամփի վարչակազմի որոշումը «չի համապատասխանում» ԵԱՀԿ մասնակից մյուս երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ստանձնած գործող պարտավորություններին, որոնց շրջանակում մասնակից պետությունները համաձայնել են դիտորդներ հրավիրել իրենց ընտրություններին։
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի որոշումը նաեւ անվանել է «ափսոսանքի արժանի»։