Իրավական ակտերի հրապարակման կարգը կփոխվի․ ի՞նչ է առաջարկվում

 Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքների և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը։

Նախագծերով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, որոնցում պահպանվել են այլևս չգործող կամ գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին չհամապատասխանող կարգավորումներ։

Ի՞նչ խնդիր է կարգավորվելու

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ և 36-րդ հոդվածներում, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածում, «Լիցենզավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածում, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածում, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածում, «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 6-րդ հոդվածում, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 18-րդ հոդվածում, «Գնումների մասին» օրենքի 4-րդ հոդվածում և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածում առկա են ձևակերպումներ, որոնք այլևս արդի չեն։

Մասնավորապես, որոշ օրենքներով նախատեսվում է իրավական ակտերը կամ այլ տեղեկատվությունը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին, իսկ որոշ դեպքերում՝ դրանք հրապարակել պաշտոնական տեղեկագրում։

Միաժամանակ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածում հղում է կատարված «Իրավական ակտերի մասին» օրենքին, որը ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 7-ին։

Ի՞նչ է նախատեսված գործող օրենքներով

«Իրավական ակտերի մասին» օրենքի ուժը կորցնելուց հետո «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրին» վերաբերող կարգավորումները այլևս չեն գործում։

Ներկայում գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը չի պարունակում գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագրերի վերաբերյալ կարգավորումներ և չի նախատեսում բոլոր տեսակի իրավական ակտերը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու պահանջ։

Այդուհանդերձ, մի շարք օրենքներում դեռևս պահպանվել են նման պահանջներ։

Ո՞ր օրենքներում են պահպանվել «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» վերաբերյալ պահանջները

Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսվում է, որ լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին որոշումների պատճենները պետք է ուղարկեն գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

Նույն օրենքով նախատեսվում է նաև, որ այդ որոշումները պետք է հրապարակվեն «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում։

Նման կարգավորում նախատեսված է նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով։

Ի՞նչ խնդիր է առաջացել պաշտոնական հրապարակման հետ կապված

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու միջոցով։

Պաշտոնական հրապարակման օր է համարվում ակտի վերջնական խմբագրությամբ ընդունված կամ ստորագրված, հրապարակման ենթակա ամբողջական տեքստն առաջին անգամ միասնական կայքում հրապարակելու օրը։

Արդարադատության նախարարությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտի հրապարակումը միասնական կայքում։

Մինչդեռ գործող մի շարք օրենքներում դեռևս պահպանվել է այն պահանջը, որի համաձայն այս կամ այն իրավական ակտի հրապարակումն ապահովվում է «Պաշտոնական տեղեկագրում» կամ «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակելու միջոցով։

Ի՞նչ կլինի, եթե միասնական կայքը տեխնիկական խնդիր ունենա

Նախագծերով առաջարկվում է սահմանել նաև նորմատիվ իրավական ակտի հրապարակման այլընտրանքային մեխանիզմ այն դեպքերի համար, երբ տեխնիկական խափանման կամ այլ արտակարգ հանգամանքների պատճառով հնարավոր չէ օրենքով սահմանված ժամկետում ակտը հրապարակել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Այդ դեպքում նախատեսվում է ակտը հրապարակել այլ եղանակով՝ մինչև միասնական կայքի խնդիրների վերացումը։

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում

Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներից հանել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» ձևակերպումները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին չհամապատասխանող ձևակերպումները, ինչպես նաև այլևս չգործող «Իրավական ակտերի մասին» օրենքին կատարված հղումները։

Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ այդ փոփոխությունների արդյունքում կկարգավորվեն գործող իրավական և բովանդակային հակասությունները։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունման արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց և ոչ արդի կարգավորումները։

Ակնկալվում է, որ գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթները կհամապատասխանեն միմյանց, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։

Ո՞վ է մշակել նախագծերը

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ կպահանջվե՞ն

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Ո՞ր ռազմավարական փաստաթղթից են բխում նախագծերը

Նախագծերը բխում են Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» թիվ 16-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ գլխի 100-րդ՝ «Դատական և իրավական համակարգի բարեփոխում» կետի 2-րդ՝ «Իրավական դաշտի արդիականացում» ենթածրագրից։

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է գործող իրավական ակտերը համապատասխանեցնել պաշտոնական հրապարակման գործող կարգավորումներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment