Միացյալ Նահանգները մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Արկտիկայում և դիտարկում է Իսլանդիայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսլանդիա կատարած այցի արդյունքներով։
Ինչպես նշում է պարբերականը, անցած ամիս կնքված՝ Գրենլանդիային վերաբերող համաձայնագիրը լիովին չի բավարարում կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները, սակայն հնարավորություններ է ստեղծել ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու համար։ Թերթի գնահատմամբ՝ դա կարող է լրացուցիչ բարձրացնել Իսլանդիայի ռազմավարական նշանակությունը, քանի որ երկիրն ունի օդանավակայաններ, նավահանգիստներ և դիտարկման ենթակառուցվածքներ, որոնք կարող են օգտագործվել Գրենլանդիայում և Հյուսիսային Ատլանտիկայում իրականացվող գործողությունների համար։
Սեպտեմբերին Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համաձայնագիր էին ստորագրել, որը վերաբերում է Արկտիկայի կղզու անվտանգության ապահովման պարտավորությունները Վաշինգտոնին փոխանցելուն։ Համաձայնագիրը ստորագրվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի ավելացնել իր ռազմական ներկայությունը Արկտիկայի կղզում։