Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան

Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանը հատած և Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին:

Հարցին՝ Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակման հարց կարո՞ղ է լինել, Փաշինյանն ասել է. «Տարբեր թեմաներ են, նախկինում էլ են այսպիսի իրավիճակներ եղել։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։

Հաղորդավարը դիտարկում արեց, որ տարբերությունն այն է, որ այդ զինվորը Հայաստանի տարածքում հանցագործություն է կատարել, Փաշինյանն արձագանքել է. «Դա ուրիշ բան է, հանցագործություն է արել, կդատապարտվի»։

Փաշինյանը պատմել է, որ զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, հանձնվել է իրավապահներին. «Ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը։ Նա գնացել, այդ տանը քնել է, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը»։

Leave a Comment