Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից

Նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված ՔՊ վարչության նիստում։

Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում քննվում էր վերջին ամիսներին՝ նրա աղմկահարույց հարցազրույցից հետո։ ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովն ուսումնասիրում էր նախկին պատգամավորի հնչեցրած պնդումները և պետք է իր եզրակացությունը ներկայացներ կուսակցության վարչությանը։

Սարգսյանը պնդել էր, որ ՔՊ-ում իրեն մեկուսացրել են այն բանից հետո, երբ կուսակցության ներսում բարձրաձայնել է հովանավորչության և այլ խնդիրների մասին։ Փաշինյանը կոշտ էր արձագանքել՝ նրա դիրքավորումը որակելով «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկը» և հակադարձելով, որ հենց Սարգսյանն է փորձել իշխանական լծակներն օգտագործել արտոնյալ վերաբերմունք ստանալու համար։

Վարչապետն այդ ժամանակ նաև հայտնել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Թե Սարգսյանի ո՞ր հայտարարությունն է քրեական գործի հիմք դարձել, հայտնի չէ: Գլխավոր դատախազությունից ավելի ուշ «Ազատությանը» փոխանցել էին, որ նախկին պատգամավորը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

Վարչապետն այդ ժամանակ նաև հայտնել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից ավելի ուշ «Ազատությանը» փոխանցել էին, որ նախկին պատգամավորը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատից էր և մասնակցել էր 2018-ի հեղափոխությանը։ Վերջին խորհրդարանական ընտրություններին, սակայն, ՔՊ-ն նրան իր նախընտրական ցուցակում չէր ընդգրկել։

Leave a Comment