Տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան․ մանրամասներ՝ աշակերտուհուն հարվածելու դեպքից

Տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան․ մանրամասներ՝ աշակերտուհուն հարվածելու դեպքից

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է ուսուցչուհին հարվածում աշակերտուհուն։ Դեպքի առնչությամբ Radar Armenia-ն զրուցել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գևորգյանի հետ։

Գևորգյանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մարտունու Վարդաձորի միջնակարգ դպրոցում։ Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետարանը դեպքի վերաբերյալ տեղեկություն է ստացել սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ տեսագրության միջոցով։

«Դեպքի օրը չեմ կարող ասել, բայց մենք, մարզպետարանը, սեպտեմբերի 30-ի երեկոյան ինֆորմացիա է ստացել տեսագրության տեսքով»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ տեղեկությունը ստանալուց հետո մարզպետարանն իր լիազորությունների շրջանակում օպերատիվ արձագանքել է և պաշտոնական գրությամբ դիմել է ԿԳՄՍՆ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրով։

Դեպքի հանգամանքները քննարկելու նպատակով մարզպետարան են հրավիրվել նաև դպրոցի տնօրենն ու ուսուցիչը։

«Այնուհետև տնօրենն և ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան՝ որպես մարզի դպրոց, հասկանալու համար պատճառն ինչ է, ինչ խնդիր է»,- ասաց Գևորգյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ դպրոցի ենթակայությունը նախարարությանն է, և մարզպետարանի կողմից համապատասխան արձագանքից հետո հարցի հետագա ընթացքը գտնվում է իրավապահ մարմինների և նախարարության լիազորությունների շրջանակում։

Հարցին՝ արդյոք տվյալ ուսուցիչն այս պահին շարունակո՞ւմ է աշխատել դպրոցում, Գևորգյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։

Նա նաև նշեց, որ տեղեկություն չունի՝ դպրոցի տնօրինությունը ուսուցչի նկատմամբ կարգապահական տույժ կիրառե՞լ է, թե՞ ոչ։

Անդրադառնալով աշակերտուհու վիճակին՝ Գևորգյանը հայտնել է, որ մարզպետարանը կապ է հաստատել ՏՄԱԿ-ի հետ, և համապատասխան աշխատանքներ իրականացվում են։
Նրա խոսքով՝ մասնագետների աշխատանքը, մասնավորապես, ուղղված է երեխայի հոգեբանական վիճակին աջակցելուն և անհրաժեշտության դեպքում՝ դպրոց հաճախելու հարցում աջակցություն ցուցաբերելուն։

Գևորգյանի խոսքով՝ տվյալ ուսուցչուհու կողմից նման վարքագծի վերաբերյալ նախկինում տեղեկություններ կամ նախադեպեր չեն եղել։

«Բացարձակ չի եղել նման բան, ընդհանրապես ինֆորմացիա չի եղել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ուսուցչուհին երկար տարիների աշխատանքային փորձ ունի, և դեպքը նաև իրենց համար անսպասելի է եղել։

«Ընդհակառակը, երկար տարիների փորձ ունեցող ուսուցիչ է, մենք էլ ենք զարմացած, որ կարող էր նման դեպք տեղի ունենալ»,- ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է տեսանյութի՝ համացանցում հայտնվելու և տարածվելու հանգամանքներին, Գևորգյանը նշեց՝ այդ մասով ինքը որևէ տեղեկություն չունի։

Leave a Comment