Հանրային հեռուստաընկերության տնօրենին և ծրագրերի տնօրենին նկատողություն են հայտարարել

Հանրային հեռարձակողի խորհուրդը հոկտեմբերի 6-ին ընդունած № 85-Ա որոշմամբ կարգապահական տույժ է կիրառել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն։

Որոշման համաձայն՝ հարցը կապված է 2026 թվականի սեպտեմբերի 27-ին «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքների հետ։

Խորհուրդը որոշման մեջ նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը պատասխանատու է ընկերության գործունեության պատշաճ ղեկավարման համար, իսկ գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենը անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար։

Ըստ որոշման՝ հեռարձակված տեսալսողական բովանդակությունը չի համապատասխանել օրվա խորհրդին, ինչի հետևանքով, Խորհրդի գնահատմամբ, ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը։

Այդ հիմքով Հովհաննես Մովսիսյանի և Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է նկատողություն։

Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշման մեջ նաև նշել է, որ կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Leave a Comment