Երևանը փորձում է ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը բարդել Մոսկվայի վրա․ Կալուգին

Հայաստանը փորձում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը դնել Մոսկվայի վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու փորձերը տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ ամենակարևոր որոշումները կընդունեն արտաքին խաղացողները»,- ասել է Կալուգինը։

Որպես օրինակ՝ ռուս դիվանագետը հիշատակել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև ընտրության վերաբերյալ հնարավոր հանրաքվեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության վերաբերյալ։

Միաժամանակ Կալուգինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիի ռազմաբազային վերաբերող բոլոր հարցերը։ Նրա խոսքով՝ նման երկխոսությունը պետք է հիմնված լինի Հայաստանում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորող համաձայնագրերի վրա։

Նա անդրադարձել է նաև հայկական որոշ լրատվամիջոցներում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հրապարակումներին՝ պնդելով, որ դրանց մի մասի նպատակը ռուսական ներկայությունը վարկաբեկելն ու այն գրեթե որպես «օկուպացիայի տարր» ներկայացնելն է։

«Հուսով ենք՝ նման նյութերի հեղինակները գիտակցում են, որ իրականում որևէ լուրջ այլընտրանք չկա»,- ասել է Կալուգինը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Հայաստանի քաղաքացիների «վստահ մեծամասնությունը» կողմ է երկրում ռուսական ռազմաբազայի ներկայության շարունակմանը՝ հղում անելով սոցիոլոգիական հետազոտություններին։

Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն չկա, ապա ռուսական կողմը պատրաստ է հեռանալ և չի պատրաստվում իր ներկայությունը պարտադրել։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ Գյումրիի ռազմաբազան անվանել էր Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հենակետային տարրերից մեկը։ Ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի հիման վրա։ 2010 թվականին պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնցով բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Leave a Comment