Iravaban.net-ը ուսումնասիրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող հողամասերում սառցարանների, սառնարանների և պահեստարանների կառուցումը կամ վերակառուցումը չներառել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների շարքում։
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ գործող կարգավորումները որոշ դեպքերում կարող են լրացուցիչ վարչարարական խոչընդոտներ ստեղծել և երկարացնել ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետները։
Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը
Գործնականում շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում 1500 քմ և ավելի կառուցապատման մակերես ունեցող օբյեկտները կարող են ենթարկվել բարդ փորձաքննության ընթացակարգերի։
Խնդիրն առավել ակտուալ է պահեստային տնտեսությունների, սառնարանների և սառցարանների կառուցման կամ վերակառուցման ծրագրերի դեպքում, քանի որ դրանց տեխնոլոգիական և գործառնական առանձնահատկություններով պայմանավորված՝ անհրաժեշտ մակերեսները սովորաբար գերազանցում են նշված շեմը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումները կարող են հանգեցնել՝
- ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետների երկարաձգման,
- շինարարության մեկնարկի հետաձգման,
- գործարար միջավայրի համար լրացուցիչ վարչարարական բեռի առաջացման։
Ի՞նչ փոփոխություն է առաջարկվում
Նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածում սահմանել, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող հողամասերում սառցարանների, սառնարանների և պահեստարանների կառուցումը կամ վերակառուցումը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։
Միաժամանակ նախատեսվում է, որ այդ գործունեության տեսակների նկատմամբ շրջակա միջավայրի վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը կներկայացնի ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության շրջանակում։
Ինչո՞ւ են առաջարկում չկիրառել առանձին բնապահպանական փորձաքննություն
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նման օբյեկտների գործունեության հնարավոր ազդեցությունները հիմնականում ունեն տեղային և կանխատեսելի բնույթ և կարող են կառավարվել նախագծային լուծումների, տեխնիկական նորմերի, անվտանգության և շահագործման պահանջների պահպանման միջոցով։
Այս մոտեցմամբ նախատեսվում է նվազեցնել այն ընթացակարգերը, որոնք, ըստ հիմնավորման, տվյալ գործունեության տեսակների համար համարժեք լրացուցիչ բնապահպանական արդյունք չեն ապահովում։
Շրջակա միջավայրի նկատմամբ վերահսկողությունը կպահպանվի՞
Ըստ նախագծի՝ շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ պետական վերահսկողությունը կպահպանվի, քանի որ համապատասխան դիրքորոշումը ներկայացվելու է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության շրջանակում։
Այսպիսով, առաջարկվող կարգավորումը միտված է ոչ թե շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների վերացմանը, այլ դրանց գնահատման գործընթացում առավել ճկուն և ռիսկահեն մոտեցման կիրառմանը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- նվազեցնել սառնարանային, սառցարանային և պահեստային տնտեսությունների կառուցման գործընթացում առաջացող վարչարարական խոչընդոտները,
- կրճատել ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետները,
- խթանել գյուղատնտեսական արտադրանքի պահպանման և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը,
- բարելավել ներդրումային միջավայրը,
- ապահովել շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների պահպանումը՝ քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության շրջանակում համապատասխան վերահսկողական մեխանիզմների կիրառմամբ։
Պետական բյուջեից լրացուցիչ գումար կտրամադրվի՞
Նախագծի ընդունումը պետական կամ համայնքային բյուջեների համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։
Ո՞վ է մշակել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» կետից։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է նվազեցնել սառնարանների, սառցարանների և պահեստարանների կառուցման կամ վերակառուցման ընթացքում առաջացող վարչարարական խոչընդոտները և կրճատել ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետները՝ պահպանելով շրջակա միջավայրի պաշտպանության պահանջները,-տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։