Ֆրանսիայում հոկտեմբերի 6-ին անցկացվել է աշակերտների բողոքի ակցիաների ամենախոշոր օրը։ Ավագ դպրոցների աշակերտների արհմիության տվյալներով՝ 1800 ավագ դպրոց արգելափակվել կամ փակվել է։ Հազարավոր աշակերտներ, ուսանողներ և կրթության ոլորտի աշխատակիցներ պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը և բարելավել դպրոցների պայմանները։
Ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մարսելում, Նանտում և Լիոնում։ Ստրասբուրգում, Լիոնում և Ռենում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են գրանցվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ Ռենում՝ նաև ջրցան մեքենաներ։ Մեկ օր առաջ Ֆրանսիայի հյուսիսում բախումների ժամանակ 15-ամյա պատանին կորցրել էր ձեռքը։
Փարիզում ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում։ Le Parisien-ը գրել է, որ երթը Հանրապետության հրապարակից Բուլվար Վոլտերով շարժվել է դեպի Նասիոն հրապարակ։ Ակցիային միացել են ուսանողներ և կրթության ոլորտի մի շարք արհմիություններ։
Պարբերականի տվյալներով՝ շարժման մասնակիցները պահանջում են ավելի շատ մարդկային և նյութական ռեսուրսներ հատկացնել դպրոցներին, բարելավել որոշ կրթական հաստատությունների սանիտարական պայմանները, նվազեցնել գերբեռնված դասարաններում աշակերտների թիվը և լրացուցիչ աշխատակիցներ ներգրավել։
ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փարիզի ակցիայի մասնակիցները նաև պահանջել են կրթությանն ավելի շատ միջոցներ հատկացնել՝ ռազմական ծախսերն ավելացնելու փոխարեն։ Ցուցարարների պաստառների վրա գրված է եղել՝ «Այլևս ոչ մի գումար պատերազմի համար» և «Գումարը՝ աշխատավարձերին, ոչ թե բաժնետերերին»։
Ակցիայի մասնակից Կապյուսինը ՏԱՍՍ-ին պատմել է, որ Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի դպրոցում, որտեղ ինքը սովորել է, բորբոս կա, զուգարանները չեն աշխատում և ուսուցիչների լուրջ պակաս կա։
Մեկ այլ ցուցարար՝ Էմիլին, հայտարարել է, որ անընդունելի է շարունակել բանակին միջոցներ հատկացնել այն պայմաններում, երբ դպրոցներում խնդիրներ կան շենքերի վիճակի և ուսուցիչների պակասի հետ։ Նրա խոսքով՝ Սեն-Սեն-Դենիում բացակայող ուսուցիչներին հաճախ չեն փոխարինում։
Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 21-ին Կրետեի Սեն-Էքզյուպերի լիցեյում, որտեղ մի քանի ուսուցչական հաստիք թափուր էր մնացել, և հետագայում տարածվել է Փարիզի շրջանից դուրս։ Աշակերտները դժգոհում են ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասից, գերբեռնված դասարաններից ու դասացուցակներից, ինչպես նաև դպրոցական շենքերի վատ վիճակից։
