«Գոյ» թատրոնը վերադառնում է, բայց ոչ իր հարազատ բեմ, այլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Բեմը վարձակալել է, և հոկտեմբերի 12-ին կխաղա իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հանրահայտ «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա բեմադրված «Խելագարը» ներկայացումը։
Մոտ 3տարի «Գոյը»ոչ մի ներկայացում չի խաղացել՝ բացի որպես բողոքի ակցիա «Գոյի» փակ դռների առջև ներկայացրած բեմադրություններից։
Դատական գործընթացը թողնենք իրավապաշտպաններին, իսկ մենք պետք է ստեղծագործենք. նկատեց թատրոնի դերասան, «Խելագարը» ներկայացման պրոդյուսեր Արսեն Ազիզյանը։
Այս ընթացքում «Գոյի» դերասաններն ու ռեժիսորները տարբեր ներկայացումներում, նախագծերում են զբաղված եղել, բայց որպես «Գոյ»՝ թատրոնի լուծարումից հետո միասնական կազմով հանդես չեն եկել։
Փակվելուց հետո «Խելագարը» «Գոյի» առաջին ներկայացումն է։
Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը և ԿԳՄՍՆ-ը «Գոյ» թատրոնի 30-ամյա բեմը դարձրել են «Բաց բեմ» հարթակ, որտեղ սեպտեմբերի 12-ին խաղացվեց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը, բայց խաղաց ո՛չ «Գոյը»։
Այլ թատրոններում սեփական խաղացանկը վերականգնելը դժվար է, որովհետև այդ ներկայացումները հարմարեցված էին «Գոյի» բեմին, բայց նոր բեմադրություններ էլի կլինեն. «Գոյը» պատրաստ է համագործակցության։ Անհրաժեշտ են հովանավորներ, որովհետև բեմերը վարձակալվելու են, ներկայացումների համար փող է պետք։
Դատական գործընթացին զուգահեռ՝ «Գոյը» որոշել է տարբեր թատրոններ վարձակալելով՝ աշխատել և իր հանդիսատեսին վերադարձնել։