06 Հոկտեմբերի 2026, 17:24
Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին էական վնաս պատճառելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ ներկայումս հանրապետությունում հարկեր թաքցնելու հիմնավորմամբ ապօրինի կապարակնքված է տարբեր անձանց պատկանող շուրջ 60 ընկերություն։
«Ես ընդամենը 3 ընկերության համար պաշտոնական հարցում եմ ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և ստացել պատասխան, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, միայն այդ 3 ընկերությունը պետական բյուջե է վճարել 100 միլիոն դրամից ավելի հարկ։ Այսինքն՝ Քննչականի և ՊԵԿ-ի ապօրինի գործողությունների հետևանքով պետական բյուջեն միայն այս 3 ընկերությունների մասով արդեն զրկվել է 100 միլիոն դրամից ավելի գումարից»,- ընդգծել է Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ կան դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներ, որոնք արձանագրում են բիզնեսների կապարակնքման ապօրինի լինելը, սակայն իրավապահ մարմինները հրաժարվում են կատարել դրանք։
Ամփոփելով խոսքը՝ Ագնեսա Խամոյանը շեշտել է, որ տեղի ունեցողը տնտեսական դիվերսիա է հենց պետության դեմ.
«Բիզնեսի դռները փակելը, աշխատողներին առանց աշխատավարձի թողնելը, հարկային մուտքերը սառեցնելը ոչ թե պետական պաշտպանություն է, ինչպես փորձում եք հիմնավորել Դուք կամ Նիկոլ Փաշինյանը, այլ պարզապես տնտեսական դիվերսիա՝ հենց պետական բյուջեի դեմ։ Հաղորդումը ելույթից անմիջապես հետո կուղարկվի Դատախազություն»։