Քրոջ համար գրված «Ողբ»-ը, ուխտի ճանապարհը և Սուրբ Սոֆիայի դևը․ Սիմեոն Լեհացու ուղեգրությունը․ «Հայագիտակ»

Այս հաղորդումը միջնադարյան հայ ուխտագնաց և ուղեգիր Սիմեոն Լեհացու մասին զրույցի շարունակությունն է։

Լեհացու ուղեգրությունները աչքի են ընկնում պարզությամբ և մարդկային ջերմությամբ։ Երկար տարիներ շրջելով տարբեր ուխտավայրերում ու քաղաքներում՝ նա չէր մոռանում իր հարազատներին և շատ ծանր տարավ սիրելի քրոջ մահվան լուրը։ Այդ առիթով նա նույնիսկ մի «Ողբ» գրեց, որը, թեև որպես գրական երկ թույլ էր, բայց անկեղծ էր ու լալագին։ Դա բնորոշ էր միջնադարյան բանաստեղծներին, հատկապես Արիստակես Լաստիվերտցուն, որի գործերին ծանոթ էր Լեհացին։

Հեղինակը խոսում է նաև հայ ազատագրական լեգենդի մասին և մեծ հետաքրքրությամբ նկարագրում այն առասպելներն ու զրույցները, որոնք բնորոշ էին իր այցելած երկրներին։

Օրինակ՝ փոխանցում է Պողոս առաքյալի գլխատման պատմությունը կամ պատմում այն մասին, թե ինչպես է Մարիամ Աստվածածնի անձեռակերտ նկարն ինքն իրեն տեղափոխվել մի քաղաքից մյուսը։

Նա շատ մանրամասն պատմում է Սուրբ Սոֆիայի տաճարի մասին, որն իր այցելության պահին արդեն վաղուց գրավել էին թուրքերը և ջնջել բոլոր սրբանկարները՝ բացի Աստվածածնի պատկերից։

Լեհացին հիշատակում է նաև մի ավանդություն, որի համաձայն տաճարը գիշերները մաքրում է մի դև։

Սիմեոն Լեհացու ուղեգրությունը հաստափոր մի հատոր է։ Ինչպես նկատում է բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Վարդանյանը, այս ուղեգրողի հուշերը կարող են հոյակապ սցենար դառնալ գեղարվեստական կամ բազմասերիանոց ֆիլմի համար։ Լեհացու ուղեգրությունները թարգմանված են արդի հայերենով, իսկ եվրոպացիները դրանց ծանոթացել են դեռևս 19-րդ դարում։

Leave a Comment