Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով քննվող գործով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով՝ խուլիգանության համար։
«Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: Կարծում եմ, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը, եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,- նշել է Արամայիս Հայրապետյանը։
Գործով անցնում է նաև Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Փաստաբանի խոսքով՝ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրգործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2025 թվականին՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտից հետո, երբ Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին։
Միաժամանակ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլ քրեական վարույթներ ևս քննվում են, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներով։ Նրա վերաբերյալ իրականացվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ։