Ես այս ռեպորտաժը պատրաստում եմ՝ ի սկզբանե տեղեկացնելով, որ խախտում եմ ժանրի կանոններն ու կանոնիկ պայմանականությունները։ Ու թերևս մի քիչ էլ շահերի բախում թույլ տամ այս «ինքնաէսսե»-ում։ Էս թեմայից ես հաճախ եմ խոսում, ու գուցե շատերն ասեն՝ էլի՞ նույն բանի մասին։ Այո, թույլ տվեք։
Այս ռեպորտաժիս հերոսուհին Իննան է՝ վայքեցի մեկ տարեկան մեկ ամսական մի աղջնակ։ Դրամատիկ պատմություն չկա՝ ծնվել է սովորական ընտանիքում, քաշը, բոյը՝ նորմալ։ Իննան իններորդ աղջիկ թոռն է Վարդանյանների ընտանիքում։ Աղջիկ են իննից ինը։
Կասեք՝ և՞։
Կասեմ՝ ապրեք, որ արտառոց բան չեք տեսնում։
Ու արտառոց բան իրականում չկա էլ․․․ Սովորական ընտանիք է, ուղղակի այստեղ բոլոր թոռներն աղջիկ են՝ գուցե առայժմ, գուցե և ոչ․․․ Սա սովորական ընտանիք է՝ բնականոն կյանքով ապրող․․․
Վարդանյանների այս մեծ ընտանիքում ծնված 9 աղջիկ թոռներից 4-ն իմ դուստրերն են, երկուսը՝ ամուսնուս եղբոր, երեքն էլ՝ ամուսնուս քրոջը։ Իննան վերջինիս վերջին աղջիկն է։ Ու Իննայի անունը հենց իններորդ թվի բերումով են որոշել։
Այս թեմայով հիմա հաճախ ենք կատակում։ Բայց, եթե անկեղծ, էնպես չէ, որ կատակը հեշտ է տրվել։ Այս կատակների արանքում անասելի շատ անհեթեթ խոսույթ կա, թե կուզեք՝ վիրավորական, կուզեք՝ տխմար ասեմ, կուզեք՝ մտահոգիչ։ Ու ամենահաճախ լսվածը՝ «վաա՜յ, էլի աղջի՞կ․․․ դե ոչինչ»։
Վա՜յ-ով ձևակերպված միտք՝ երեխայի ծննդյան հրաշք լուրի մասին… ու գրեթե կարեկցանք՝ դե ոչինչ, ու հետո՝ մխիթարանք՝ գոնե հաջորդը տղա լինի․․․․
***
․․․ Ես առաջին երեխայիս պոլիկլինիկան փոխեցի, քանի որ դստերս մանկաբույժը՝ տարեց կին, իմանալով, որ ծնվելիք երկրորդս էլ է աղջիկ, ասաց՝ «Լիանա, դու գրագետ աղջիկ ես, չէի՞ր կարող պլանավորել, որ էլի աղջիկ չլիներ»։
Նա դա ասաց խորին համոզմամբ։
Տիկին Հարությունյանը (ոչ՝ բժշկուհի Հարությունյանը) չիմացավ, որ իմ հաջորդներն էլ են աղջիկ։ Թող մտքին չծանրանար։ Այդքան տարվա մանկաբույժը եթե չէր հասկանում, որ գոնե բժշկական հանրույթը պետք է նման մոտեցման դեմ պայքարի, էլ չէի բացատրի․․․
***
Մի անգամ Զեյթունում մի կին փողոցում կանաչի էր վաճառում։ Փոշու մեջ վաճառվողը գնել երբեք չեմ սիրել։ Բայց այդ օրը մոտեցա։ Էդ կնոջ հետ տարիներ առաջվա շփումս այսօր պիտի պետք գար սա գրելիս։
Տեսավ, որ երեխայի եմ սպասում։
-Ի՞նչ ես բերըմ՝ պահանջկոտ հարցրեց։
-Աղջիկ, -սառը ասացի։
-Բա խի՞ ես բերըմ, -նյարդայնացած նետեց։
Ասացի՝ որ գա, քեզ նման տգետներին փոխարինի․․․
Իսկ կանաչին լավն էր․․․
Այդ օրն ամուսինս էլի պիտի հարցներ՝ էլի՞ կռիվ ես արել էդ թեմայով։
Երրորդ աղջիկս պիտի ծնվեր այդ ժամանակ, ու դեռ էլի պատրաստ չէի բոլոր նման դեպքերում հումորով արձագանքելու այնպես, ինչպես կարողանում էր ամուսինս։
Այդ կանաչի ծախողն էլ, (ներող եղեք բնորոշմանս համար), պետք է չիմանար, որ հետո ծնվելու է նաև չորրորդ աղջիկս։ Այդ տարիքի կնոջն այլևս չէի կարող բացատրել, որ մի օր գուցե իր՝ աղջիկ ծնվելու համար էլ են կողքից հոգոց հանել, բայց իր ծնողները թողել են, որ ինքը ծնվի․․․․
***
Շուկայում առևտուր էինք անում մի օր․ աղջկաս ծնունդն էր, հյուրեր պիտի ունենայինք։ Ամուսինս մսի բաժնում էր, ես առանձնացա, մոտեցա եգիպտացորեն վաճառողին։
Ես դեռ բառ չասած՝ ինքը, նկատելով, որ երեխայի եմ սպասում (ընկերներս երբեմն կատակում են, թե՝ «քրոնիկ հղի ես»), առաջ ընկավ․
-Ի՞նչ ես ունենալու։
-Քեզ համար ի՞նչ տարբերություն, -ասացի՝ «դու»-ի անցնելով, թեև դա ինձ բնորոշ չէ։
-Կուզեմ՝ տղա ունենաս, -ասաց։
-Չէ, -ասացի, -աղջիկ է, չորրորդ աղջիկս է։
Չհավատաց։
-Վաա՜յ, -գրեթե լալահառաչ արձագանքեց կինը, -անգամ կատակով չասես՝ չորրորդ աղջիկ։
Կուկուռուզ ծախող այդ կնոջը, (ներող եղեք ձևակերպմանս համար), չէի կարող բացատրել, որ 4 երեխաներիս սպասելու ընթացքում մի օրինաչափություն եմ նկատել․ երբ անծանոթ հղի կնոջն առաջին հարցը երեխայի սեռի մասին են տալիս, ուրեմն պետք է պատրաստ լինել, որ ծնվելիք աղջկադ ստորադասելու են՝ անպիտան համարելու աստիճանի։
Տարակուսեցի՞ք։ Զուր։
Ընդ որում՝ ամենաշատը կանայք են հենց այդպես խոսում։
***
Մի օր մեկը հարցրեց՝ աղջի՞կ ես ունենալու։
Ասացի՝ ահա։
Ասաց՝ դե ոչինչ։
Ասացի՝ ոչինչը դու ես։
Մինչև հիմա բարևելիս մոլորված ժպտում է։
Անքաղաքավարի՞ եմ գտնվել։ Գուցե։ Գուցեև պակաս տեղ եմ թողել․․․ Բայց իմ պատմածի մեջ ատելության խոսք բնավ չկա։ Կա թյուր ու թերի ընկալումների, աններելի կարծրատիպերի շուրջ մտահոգություն։ Սեփական մտահոգություն։ Մտահոգությունս, որն ապրել ու կուտակել եմ նյարդերով։
***
Հայաստանում տասնյակ, հարյուրավոր, հազարավոր երեխաներ չեն ծնվում, քանի որ աղջիկ պիտի ծնվեին։
2024 թվականին Հայաստանում ծնվածների սեռերի հարաբերակցությունը եղել է 110 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Բնական համարվող հարաբերակցությունը 102-106 տղա է՝ 100 աղջկա դիմաց։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ավելի վաղ գնահատմամբ՝ եթե սեռով պայմանավորված ընտրությունը շարունակվի, Հայաստանում մինչև 2060 թվականը կարող է չծնվել շուրջ 93 հազար աղջիկ։
Չասեք՝ այդպես չէ․ պաշտոնական վիճակագրությունը՝ վկա։ Չասեք՝ չկա իմ պատմած իրականությունը։ Այն ես եմ ապրում։
***
Տարիներ առաջ համալսարանում գերմաներեն գրականության դասին թարգմանում էինք Die Reise nach Utrecht պատմվածքը՝ «Ճանապարհորդություն դեպի Ութրեխթ»։ Թարգմանությունը վերջնական տեսքի բերելն ինձ էր հանձնարարել ընկեր Էթարյանը։
Ութրեխթ քաղաք հղիությունն ընդհատելու նպատակով մեկնող կնոջ խոհերն էին և չծնված ու չծնվելիք աղջնակի ենթադրյալ զրույցը մոր հետ, զրույց, որը երբևէ չէր կայանալու։ Զրույց՝ հրաժեշտից առաջ։
Անասելի հուզիչ այդ պատմվածքը երբևէ չպիտի մոռանայի․․․Տարիներ անց, երբ ինձ երկարատև բուժումներ էին սպասում, հաճախ պիտի հիշեի այն։
***
Ինձ էլ, եթե 12 տարի առաջ ասեին, որ 4 դուստր եմ ունենալու, հաստատ կտարակուսեի ու գուցե ադեկվատ չարձագանքեի։ Ու հիմա ես սա պատմում եմ մի տեսակ հաղթանակած հպարտությամբ, որովհետև երբ բժիշկս հետաձգեց չորրորդ երեխայիս սեռն ասելը, ես կարողացա շատ համոզիչ ու հանգիստ ասել․
-Դավիթ Լևոնիչ, գիտեք, որ չեմ ընդհատելու, հանգիստ ասեք։
Դա ասացի բժշկիս, որն իմ ներկայությամբ մի օր ձեռքը ամուր բռնած խնդրում էր մեկ այլ հղիի՝ չընդհատել ծնվելիք դստեր կյանքը․․․
-Տես՝ ինչ սիրուն է, -ասում էր՝ էկրանին դժվարընկալելի պատկերը ցույց տալով։
***
Մի անգամ մեր լրագրողներից մեկին որպես թեմա առաջարկել էի գտնել Հայաստանում ամենաշատ աղջիկ երեխա ունեցող ընտանիքն ու նկարահանել՝ կրկին գենդերային թեմայից խոսելու։
Մայրը համաձայն էր, հայրը՝ ոչ։
Մտածեցի՝ ես խոսեմ հետը, բացատրեմ ասելիքի նրբությունը։
Հայրը շատ վստահ ու հանդարտ ասաց՝
-Հա, ութ աղջիկ ունեմ, ու ի՞նչ։ Ի՞նչն ա արտառոց։
Մինչև օրս մտաբերելիս հիանում եմ այդ մոտեցմամբ։
***
Հա, պատմում էի Իննայի մասին։ Իններորդ աղջիկ թոռը ընտանիքում։ Ինը աղջկանից իններորդը։ Իննան, ում անվանակոչել են հենց իններորդը լինելու խորհրդով։
Ասում եմ՝ Աշխեն, (տալս է), դու մեր միջի ամենակրեատիվը դուրս եկար․․․ ոնց էլ ընտրեցիր էդ անունը․․․
Սկեսրայրս՝ ավանդական մտածողությամբ մարդ, որն իրեն համարում է երջանիկ պապիկ, մի օր ակնարկեց, որ դեռ տղա թոռան հույսը չի կտրել։
Բայց թոռնուհիների աղմկոտ բույլը նրան էլ է սովորեցրել ի սրտե մյուսներին ասել՝ «շնորհավոր, աղջիկ է»։։