Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 5-ին շարունակվեց Արմեն Սաքապետյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը։ Դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը և Նաիրա Արտաշեսյանը, պատասխանող Արմեն Սաքապետյանը, ինչպես նաև պատասխանողների ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանն ու Արմեն Հարությունյանը։
Հոկտեմբերի 5-ի դատական նիստում գործով Գլխավոր դատախազության ներկայացուցիչների կազմում դատարանում ներկայացավ նաև Նաիրա Արտաշեսյանը։ Դատական նիստի ընթացքում ներկայացվեց նրա ծառայողական վկայականը, ինչպես նաև Գլխավոր դատախազի համապատասխան հրամանի պատճենը, որով նա նշանակվել է համապատասխան պաշտոնում։
Այսպիսով, տվյալ դատական նիստում Գլխավոր դատախազությունը ներկայացնում էին Դավիթ Մեյրոյանը և Նաիրա Արտաշեսյանը։ Նոր դատախազի ներգրավվածության պայմաններում կողմերը շարունակեցին ինչպես գույքի նկատմամբ կիրառված ապահովման միջոցի փոփոխության, այնպես էլ ապացույցների և ներկայացված միջնորդությունների վերաբերյալ քննարկումները։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նիստի ընթացքում դատարանը նախ անդրադարձավ Արմեն Սաքապետյանի կողմից ներկայացված՝ կիրառված հայցի ապահովման միջոցը փոփոխելու և գույքը պետության կառավարմանը հանձնելու վերաբերյալ միջնորդությանը։
Պատասխանող կողմը վկայակոչեց Քաղաքացիական օրենսգրքի 129-րդ և 133-րդ հոդվածները, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածը։ Ներկայացուցչի խոսքով՝ խոսքը «Յերրա» ընկերության 100 տոկոս բաժնեմասերի մասին է, և միջնորդության նպատակն է կիրառված արգելանքը փոխարինել այնպիսի միջոցի, որը թույլ կտա կանխել գույքի ֆիզիկական ոչնչացումը կամ արժեքի էական նվազումը։
Պատասխանող կողմը պնդեց, որ նախորդ միջնորդությունից հետո գործի փաստական և իրավական իրավիճակը փոխվել է։ Մասնավորապես՝ եթե նախորդ փուլում «Յերրա»-ի բաժնեմասերը չեն հանդիսացել բռնագանձման պահանջի անմիջական օբյեկտ, ապա հայցի հետագա փոփոխություններից հետո, ըստ պատասխանողի, Գլխավոր դատախազությունն արդեն պահանջում է այդ բաժնեմասերի բռնագանձումը։
Պատասխանող կողմի գնահատմամբ՝ այդ հանգամանքով փոխվել է նաև պետության շահագրգռվածության հարցը։ Ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ եթե պետությունը պահանջում է տվյալ գույքի բռնագանձումը, ապա դրա պահպանությունը պետք է բխի նաև պետական շահից։ Միաժամանակ կողմը հատուկ ընդգծեց, որ միջնորդությունը չի նշանակում «Յերրա»-ի բաժնեմասերի ապօրինի ծագման ընդունում։
Պատասխանող Արմեն Սաքապետոյանի հիմնական հիմնավորումներից մեկն այն էր, որ ընկերության գործունեության շարունակական սահմանափակումները կարող են հանգեցնել ոչ միայն պատասխանողի, այլև պետական շահերի վնասմանը։
Նրա խոսքով՝ եթե հետագայում դատարանը որոշի, որ տվյալ գույքը ենթակա չէ բռնագանձման, ապա դրա արժեքի նվազման կամ կորստի հետևանքները կարող են բացասական լինել հենց պատասխանողի համար։ Իսկ եթե դատարանը վերջնական արդյունքում գույքը ճանաչի բռնագանձման ենթակա, դրա պահպանված լինելը, ըստ կողմի, նույնպես բխում է պետության շահից։
Պատասխանող կողմը նաև պնդեց, որ «Յերրան» սովորական բիզնես նախագիծ չէ, քանի որ ընկերության գործունեության շրջանակում, ըստ ներկայացված փաստարկների, առկա է պետական մասնակցություն՝ գյուղատնտեսական ոլորտում տրամադրված սուբսիդիաների և արտոնությունների միջոցով։
Միջնորդության հիմնավորման ընթացքում պատասխանող կողմը մանրամասն անդրադարձավ ընկերության ֆինանսական վիճակին։
Դատարանին ներկայացվեց, որ ընկերության գործունեությունը բախվել է ֆինանսավորման լուրջ խնդիրների, իսկ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ըստ պատասխանողի, խոչընդոտել են բանկային ֆինանսավորման ներգրավմանը։ Կողմը ներկայացրել է նաև բանկերի կողմից ֆինանսավորում չտրամադրելու վերաբերյալ փաստաթղթեր։
Քննարկվեց նաև էլեկտրաէներգիայի պարտավորությունների հարցը։ Ըստ ներկայացված տվյալների՝ ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը հասել է էական չափերի, ինչի հետևանքով էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Պատասխանող կողմի խոսքով՝ գյուղատնտեսական գործունեության պայմաններում էլեկտրաէներգիայի բացակայությունը կարող է ուղղակիորեն ազդել ընկերության ակտիվների և հատկապես այգիների վիճակի վրա։
Կողմը ներկայացրեց նաև ընկերության գործունեության ընդհանուր պատկերը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսել է մեծածավալ այգեգործական արտադրություն, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և հետագա արտադրական զարգացում։ Պատասխանող կողմի պնդմամբ՝ գործունեության շուրջ 2-2,5 տարի տևած սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել են էական վնասների և ֆինանսական բարդությունների։
Ըստ ներկայացված տվյալների՝ ընկերությունն ունի նաև այլ ընթացիկ պարտավորություններ, իսկ ֆինանսական խնդիրների խորացումը կարող է անդրադառնալ փոխկապակցված այլ ծրագրերի և վարկային պարտավորությունների վրա։
Պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ընկերության գործունեության շրջանակում ստեղծված այգիներում առկա են մեծ թվով ծառեր, որոնց պահպանությունը պահանջում է մշտական ֆինանսական և տեխնիկական միջոցներ։ Կողմը ներկայացրեց նաև լուսանկարներ և այլ նյութեր՝ ծրագրի տարածքի վիճակը ցույց տալու նպատակով։
Պատասխանող կողմը՝ պետության կողմից գույքի կառավարման ֆինանսավորման մասին
Միջնորդության ընթացքում քննարկվեց նաև այն հարցը, թե պետության կողմից նման գույքի կառավարման և պահպանության համար նախատեսվա՞ծ են արդյոք ֆինանսական միջոցներ։
Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ իր կողմից կատարված հարցումների արդյունքում տեղեկացել է, որ համապատասխան գործառույթի համար որոշ տարիների պետական բյուջեից ֆինանսավորման հայտեր չեն ներկայացվել։ Կողմի համոզմամբ՝ ֆինանսական միջոցների բացակայության մասին պատճառաբանությունը ինքնին չպետք է հիմք հանդիսանա գույքի պահպանության անհրաժեշտությունը անտեսելու համար։ Պատասխանող կողմը պնդեց, որ օրենքով նախատեսված դեպքերում պետությունը կարող է ստանձնել գույքի կառավարումն ու պահպանումը, և այդ դեպքում անհրաժեշտ է գնահատել ոչ միայն ընթացակարգային, այլև գույքի փաստացի պահպանման հնարավորությունը։
Միջնորդության քննարկման ընթացքում Գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիրքորոշումները՝ վիճարկելով պատասխանող կողմի մոտեցումները։
Պատասխանող կողմը, իր հերթին, ընդգծեց, որ իր ներկայացրած միջնորդության հիմքում ոչ միայն պատասխանողի մասնավոր շահն է, այլ նաև այն ռիսկը, որ գույքի արժեքի շարունակական նվազման դեպքում հնարավոր է վնաս հասցվի պետական շահին։ Կողմը նաև անդրադարձավ համաչափության սկզբունքին՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները։
Միջնորդության քննարկումից հետո դատարանը շարունակեց ապացուցման փուլին վերաբերող հարցերի քննարկումը։
Կողմերը ներկայացրեցին մեծածավալ ապացույցներ և մի շարք նոր միջնորդություններ։ Պատասխանող կողմը, մասնավորապես, ներկայացրեց ապացույցներն անթույլատրելի ճանաչելու, փորձաքննություններ նշանակելու, վկաներ հրավիրելու, ապացույցներ թույլատրելու և լրացուցիչ ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդություններ։
Նշվեց, որ ներկայացված ապացույցների թվում կան նաև մեծածավալ գրավոր նյութեր, տեսանյութեր, լուսանկարներ, վարկային պատմությանը և ընկերության գործունեությանը վերաբերող փաստաթղթեր։ Ընդհանուր առմամբ պատասխանող կողմը դատարանին ներկայացրեց 48 անուն ապացույցի վերաբերյալ տվյալներ։
Պատասխանող կողմը նաև խնդրեց լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ որոշ ապացույցներ ներկայացնելու համար։ Ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը պարզաբանեց, որ որոշ փաստաթղթեր դեռևս գտնվում են արտասահմանում, առկա են օտարալեզու փաստաթղթեր, որոնց թարգմանությունը դեռևս չի ավարտվել, ինչպես նաև սպասվում են փորձագետների եզրակացություններ։ Նա խնդրեց առնվազն 10-15 օր լրացուցիչ ժամկետ տրամադրել։
Դատավոր Լիլի Դրմեյանը պարզաբանեց, որ սահմանված դատավարական ժամկետի լրանալուց հետո նման հարցը կարող է լուծվել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ համապատասխան միջնորդության շրջանակում։
Պատասխանող կողմը վիճարկում է նաև որոշ ապացույցների թույլատրելիությունը
Պատասխանող կողմը դատարանին ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի 2021 թվականի գրությանը վերաբերող ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն։ Կողմի ներկայացմամբ՝ վիճարկվում է այդ փաստաթղթի՝ որպես ապացույցի թույլատրելիությունը, և միջնորդությանը կցվել են համապատասխան հիմնավորող նյութեր։
Բացի այդ, ներկայացվեցին ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություններ, ինչպես նաև վկաներ հրավիրելու հարցը։ Պատասխանող կողմը ներկայացրեց նաև պետական մարմիններից ստացված գրություններ և այլ փաստաթղթեր, այդ թվում՝ Արմեն Սաքապետյանի գործունեությանը վերաբերող հարցումների պատասխաններ։
Դատարանը տեղեկացրեց, որ ներկայացված միջնորդությունները կքննարկվեն հաջորդ դատական նիստում։
Նիստի ավարտին կողմերը քննարկեցին հաջորդ դատական նիստի ժամկետը։ Դատարանը հաշվի առավ կողմերի ներկայացրած կազմակերպչական հանգամանքները և հաջորդ նախնական դատական նիստը նշանակեց նոյեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։