Զոհերի հարազատները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը

44-օրյա պատերազմի զոհերի հարազատները պահանջում են, որ իշխող ուժը հրապարակի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ երեք տարի ուսումնասիրում ու պարզում էին պատերազմի հանգամանքները, պատճառներն ու հետևանքները, իսկ հետո որոշեցին չհրապարակել այն:

Զոհվածների հարազատներն այս տարվա գարնանից են պահանջում հրապարակել, բայց իշխանությունը այդպես էլ չի անում: Այսօր նորից խորհրդարանի մոտ էր նրանց ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանը, որ 44-օրյա պատերազմում եղբորն է կորցրել, եղբոր որդին էլ անհետ կորել է:

«Ախպերս զոհվել ա, ես պիտի չիմանա՞մ՝ իմ ախպերը ում սխալ գործողության հետևնաքով ա զոհվել, թող պատասխան տան, էն երեխեն 6 տարի ա՝ չկա չիմանա՞նք՝ ում արածի հետևանքով գնաց կորավ», – զայրացավ Արսեն Ղուկասյանը:

Ազգային ժողովի մոտ էր նաև հարազատների ներկայացուցիչ փաստաբան Հարություն Բաղդասարյանը, ով պնդեց, որ Ազգային ժողովը իրավունք չունի հանրությունից թաքցնել զեկույցն ամբողջությամբ:

«Մենք գտնում ենք, որ եթե հանձնաժողովը իրավունքի ուժով էր ձևավորվել, որևէ մեկը իրավունք չունի դա չհրապարակել: Ըստ այդմ նոր Աժ-ին հանրագիր ենք ներկայացնում, որ հրապարակեն»:

Նրանք իրենց հանրագիրը փոխանցեցին Ազգային ժողովի խոսնակին ու խմբակցությունների ղեկավարներին: Պահանջում են, որ վերանայեն ԱԺ նախկին նախագահի որոշումն ու հանրությանը հասանելի դարձնեն զեկույցը:

Փաշինյանի իշխանության օրոք պայթած պատերազմի մասին զեկույցը Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին ուղարկվեց, հանրությանն անհասանելի մնաց: Նույն Փաշինյանի թիմը այդպես չվարվեց Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած քառօրյա պատերազմի զեկույցի դեպքում, այն հրապարակեցին Ազգային ժողովի լիագումար նիստում:

Leave a Comment