«Պետք է մեր արդարադատությունը աշխատի». Ռուբինյանը՝ Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյաննն անդրադառնալով անցած շաբաթ Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դեպքին, հայտարարեց՝ «պետք է մեր արդարադատությունը աշխատի, մեղադրանքն առաջադրված է, պետք է ամեն ինչ իր հունով գնա»:

Միաժամանակ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում, ըստ նրա, «ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ մեր մոտից զինծառայող է կորել»:

«Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ, կպարզվի՝ ոնց», – հայտարարեց Ռուբինյանը:

Նախօրեին, սակայն, իշխող ՔՊ պատգամավոր, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը չէր բացառել, որ Նասիմի Մուսաևը կարող է և միայնակ չի եղել: Ավելին, պաշտպանական հանձնաժողովը 5 տարի ղեկավարած Քոչարյանն ընդունել է, որ Հայաստանի սահմանները խնդիրներ ունեն:

Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:

Ընդգծելով, որ սահմանը հատելուց հետո ադրբեջանցի զինծառայողը կատարել է հանցագործություն, ԱԺ նախագահն ասաց. «Դրա համար ձերբակալված է, առաջադրված է մեղադրանք»:

Լրագրողների հարցին, եթե Բաքուն Երևանին տեղեկացրել էր ադրբեջանցում ներթափանցման մասին, ինչո՞ւ տեղի բնակիչներին չի զգուշացվել, Ռուբինյանը պատասխանեց. «Կարելի է քննարկել հարցը մարտավարական իմաստով՝ արդյոք նման դեպքերում զգուշացումը բնակչությանը օգտակար բան է, թե ոչ, որն է ավելի շատ վնաս, որն է ավելի շատ օգուտ: Կարո՞ղ է զգուշացման դեպքում, մանավանդ, երբ դու վստահ չլինես՝ քո տարածում է, թե քո տարածքում չէ, բնակչությանը տեղեկացնես, դրա արդյունքում բնակիչներն իրար վրա կրակեն պատահաբար ու այսպես հազար բան կա, որ պատկան մարմինները պետք է քննարկեն ու որոշում կայացվեն: Վստահ եմ հետադարձ հայացքով քննարկումներ կարվեն՝ հասկանալու ճիշտ է արվել, թե սխալ է արվել»:

Leave a Comment