Իշխող ՔՊ-ն մերժում է բանակի մահերի ու Շաքիի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կմերժի բանակի մահերն ու Սյունիք ադրբեջանցի զինվորի ներթափանցման դեպքն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը:

Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը: Նրա պնդմամբ՝ Շաքիի դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար պաշտոնից։

Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:

Իշխող ուժի քարտուղարը, մինչդեռ, հակադարձում է, թե այս դեպքերով զբաղվող իրավասու մարմիններ կան, և դրանք Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնելու անհրաժեշտություն չկա։

Նույն «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, քննիչ հանձնաժողով է ստեղծում Հայ առաքելական եկեղեցու խնդիրները քննարկելու համար, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին, սակայն դա ետ չի պահում ՔՊ-ին:

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ եթե իշխող խմբակցությունը դեմ քվեարկի իրենց առաջարկած հանձնաժողովի կազմի հաստատմանը, ապա կնշանակի, որ «կոծկում է կամ առնվազն չի փորձում հասկանալ՝ ինչու է այդքան զինվոր մահանում խաղաղ պայմաններում»։

Այս տարվա առաջին 9 ամիսներին բանակում խաղաղ պայմաններում ու ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել:

Խորհրդարանում այս հարցերի շուրջ քննարկումն այսօր չափազանց լարված է անցնում, գոռգոռոցներից բացի նաև քաշքշուկ է տեղի ունեցել:

Leave a Comment