Ուսուցիչը՝ ժամանակի պահանջների և արժեքների խաչմերուկում. «Դպրություն»

Կրթությունն այն միակ հիմքն է, որի վրա կառուցվում է հզոր պետությունը, իսկ այդ հիմքը գծողն ու կառուցողը ուսուցիչն է։ Նոր չափորոշիչները, մեթոդներն ու գիտելիքը կենդանանում են միայն այն ժամանակ, երբ դրանց գումարվում է ուսուցչի հոգու ջերմությունը։ Ուսուցչի աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այն բացառիկ առաքելություն է, որով ծնվում են։

Կրթությունը երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, իսկ դրա փոփոխություններն ու զարգացումներն անմիջականորեն կապված են ուսուցչի դերի հետ։

Հայաստանի կրթական համակարգում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների շարքում կարևոր տեղ ունի ՀՊՉ ներդրումը։ Այն նոր մոտեցումներ է բերում կրթական գործընթաց՝ շեշտադրելով ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի կարողությունների, հմտությունների և արժեքների ձևավորումը։

Այս փոփոխությունների իրականացման գործում կարևոր է ԿԶՆԱԿ-ի աշխատանքը՝ կրթական նոր մոտեցումների, մեթոդական աջակցության և ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղություններով։                         Բայց ցանկացած բարեփոխման հիմքում մարդն է։ Ուսուցիչը, որն այսօր ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև օգնում է սովորողին մտածել, ինքնուրույն որոշումներ կայացնել և ձևավորել սեփական ճանապարհը։

Այս համատեքստում կարևոր է նաև կամավոր ատեստավորումը, որը ուսուցչի մասնագիտական կարողությունների գնահատման հետ մեկտեղ մասնագիտական աճի և զարգացման, սեփական աշխատանքի արժևորման և ֆինանսական խրախուսման հնարավորություն է։ Ի վերջո, կրթական համակարգի հաջողությունը չափվում է ոչ միայն նոր չափորոշիչներով, ծրագրերով կամ գնահատման մեխանիզմներով, այլ այն փոփոխությամբ, որը տեղի է ունենում դասարանում և սովորողի կյանքում։

Կրթությունը փոխվում է, և այդ փոփոխության կենտրոնում մարդիկ են՝ սովորողները, ուսուցիչները և բոլոր նրանք, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ձևավորում են Հայաստանի վաղվա օրը։ Ուսուցչի օրը լավ առիթ է ոչ միայն շնորհակալություն հայտնելու, այլև ևս մեկ անգամ հասկանալու՝ որքան մեծ է ուսուցչի դերն ու պատասխանատվությունը մեր հասարակության և երկրի ապագայի ձևավորման գործում։ Ուսուցչի կատարած աշխատանքի արժեքը չափելի չէ, իսկ ազդեցությունը՝ անսահմանափակ։

«Դպրության» տաղավարում են ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, բ․գ․թ․ Նաիրա Ղումաշյանը և Երևանի հ. 174 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Մարգարյանը։

Leave a Comment