Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է շուրջ 650 ԱԹՍ. թիրախում «Վոլոդարսկայա» կայանն է

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի վրա: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է շուրջ 650 ԱԹՍ, որոնցից 105-ը խոցվել են Մոսկվային մոտենալիս, իսկ մնացածը՝ հեռավոր սահմաններում:

Տեղական աղբյուրները հայտնում են, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Վոլոդարսկայա» նավթամբարում:

«Վոլոդարսկայա» գծային արտադրական-դիսպետչերական կայանը Մոսկվայի մարզի ամենախոշոր նավթամբարն է: Այն տարեկան տեղափոխում է մինչև 3 միլիոն տոննա նավթամթերք:

Այս կայանը խողովակաշարերով ուղիղ կապված է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների հետ և մատակարարում է ավիացիոն վառելիք: Հարձակման պատճառով օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:

Ըստ ականատեսների տեսանյութերի՝ հրդեհը բռնկվել է վառելիքի առնվազն երկու մեծ տարաներում: Տեղական իշխանությունները հայտնել են նաև Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով 2 զոհի և 10 վիրավորի մասին:

Leave a Comment