Բաղրամյանի տարածքային կենտրոնը չի գործի․ ո՞ր կենտրոնը կսպասարկի բնակիչներին

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը։ Բաղրամյանի տարածքային կենտրոնի գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ նախատեսվում է փոփոխել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սպասարկման տարածքները։ Նախագծով Բաղրամյանի նախկին սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերը կներառվեն Արմավիրի տարածքային կենտրոնի սպասարկման կազմում։

Ինչու է դադարեցվում Բաղրամյանի կենտրոնի գործունեությունը

2026 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով դադարեցվել է Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքում գործող Բաղրամյանի տարածքային կենտրոնի գործունեությունը, և այն դուրս է բերվել Ծառայության կառուցվածքից։

Հիմնավորման համաձայն՝ որոշումը կապված է կենտրոնի բեռնվածության և ռեսուրսային ապահովվածության վերլուծության հետ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենտրոնի բեռնվածությունը կայուն և զգալիորեն ցածր է եղել։

Բացի այդ, Ծառայության հաստիքների առավելագույն թիվը 1627-ից նվազեցվել է մինչև 1598՝ այդ թվում Բաղրամյանի տարածքային կենտրոնի գործունեության դադարեցման հետևանքով կրճատվող հաստիքների հաշվին։

Ո՞ր բնակավայրերն են անցնելու Արմավիրի կենտրոնի սպասարկմանը

Բաղրամյանի նախկին տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերը կցագրվեն Արմավիրի տարածքային կենտրոնին։

Խոսքը հետևյալ բնակավայրերի մասին է՝

  • Բաղրամյան,
  • Արգինա,
  • Արևադաշտ,
  • Արտամետ,
  • Բագարան,
  • Դալարիկ,
  • Երվանդաշատ,
  • Լեռնագոգ,
  • Կողբավան,
  • Հուշակերտ,
  • Շենիկ,
  • Վանանդ,
  • Տալվորիկ,
  • Քարակերտ։

Այս բնակավայրերի բնակիչները սոցիալական ծառայություններից կշարունակեն օգտվել Միասնական սոցիալական ծառայության միջոցով՝ արդեն Արմավիրի տարածքային կենտրոնի սպասարկման շրջանակում։

Բնակիչների սոցիալական ծառայություններից օգտվելու իրավունքը չի փոխվում

Նախագծի հիմնավորման մեջ հատուկ ընդգծվում է, որ Բաղրամյանի կենտրոնի գործունեության դադարեցումը չպետք է ազդի բնակչության՝ սոցիալական ծառայություններից անընդհատ օգտվելու իրավունքի վրա։

Քաղաքացիների սպասարկումը, այդ թվում՝ դիմումների ընդունումն ու խորհրդատվության տրամադրումը, իրականացվում է Ծառայության տարածքային կենտրոնների կողմից։ Հետևաբար նախատեսվում է պարզապես փոխել այն տարածքային կենտրոնը, որն այդ բնակավայրերի բնակիչներին պետք է սպասարկի։

Ինչու է ընտրվել Արմավիրի տարածքային կենտրոնը

Նախագծի համաձայն՝ Բաղրամյանի նախկին սպասարկման տարածքի բնակավայրերը Արմավիրի կենտրոնին կցագրելու հիմքում դրանց աշխարհագրական հարևանությունն ու բնակչության համար հասանելիության նպատակահարմարությունն է։

Այսպիսով, Բաղրամյանի տարածքային կենտրոնի առանձին գոյությունը դադարելուց հետո դրա նախկին սպասարկման տարածքը չի մնում առանց սպասարկող կենտրոնի։

Ի՞նչ փոփոխություն է կատարվելու

Նախագծով նախատեսվում է փոփոխել Կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշման հավելվածը։

Մասնավորապես՝

  • Արմավիրի տարածքային կենտրոնի սպասարկման ցանկում կավելացվեն Բաղրամյանի նախկին կենտրոնին վերապահված 14 բնակավայրերը,
  • ուժը կորցրած կճանաչվի Բաղրամյանի տարածքային կենտրոնը նախատեսող 3.2-րդ ենթակետը։

Նախագծի ընդունմամբ տարածքային կենտրոնների ցանկը կհամապատասխանեցվի Միասնական սոցիալական ծառայության գործող կառուցվածքին։

Պետբյուջեի վրա ազդեցություն չի ակնկալվում

Նախագծի հեղինակները նշում են, որ դրա ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment