Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղացել Չեռնոգորիայի հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հանդիպումը կայացել է Պոդգորիցայում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այս խաղը սկսել է առանց հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի։ Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում, սակայն Հայաստանի հավաքականին չի հաջողվել հաղթանակի հասնել։
Չեռնոգորիայի հավաքականը կատարել է 8, Հայաստանը՝ 9 հարված։ Հանդիպման վերջնամասում Չեռնոգորիան մնացել էր տասը ֆուտբոլիստով․ Ստեֆան Լոնչարը կարմիր քարտ է ստացել։
Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 4 միավոր և C2 խմբում զբաղեցնում է երրորդ տեղը։ Չեռնոգորիան 10 միավորով գլխավորում է խումբը, Կիպրոսը 7 միավորով երկրորդն է։
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերին՝ Երևանում Կիպրոսի և Ռիգայում՝ Լատվիայի դեմ։
Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել էր Կիպրոսի հավաքականին։ Երկրորդ տուրում Հայաստանը 2։3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիայի ընտրանուն, առաջին տուրում՝ 2։0 հաշվով հաղթել Լատվիային։
