Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի հետևանքով տուժածների թիվը հասել է 190-ի

Ֆրանսիայում սեպտեմբերի վերջին սկսված ավագ դպրոցի աշակերտների ցույցերի ընթացքում առնվազն 190 դպրոցական է տուժել։ Որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

«Մեր տրամադրության տակ եղած վերջին տվյալների համաձայն՝ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր արդեն 190 տուժած ունենք աշակերտների շրջանում»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը վնասվածքներ է ստացել «պատահաբար»՝ ընկնելով բարձրությունից, երբ բարձրացել է փողոցային ենթակառուցվածքների տարբեր օբյեկտների վրա, կամ ցուցարարների կողմից պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով։

Միաժամանակ նա անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Լանսում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով դեռահասը ձեռքի ծանր վնասվածք է ստացել՝ վերցնելով ոստիկանության՝ վնասող տարրերով նռնակը։ Ժեֆրենը, մեկնաբանելով դեպքը, հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել մեկ այլ նախարարության աշխատանքին, հատկապես, քանի որ չի տիրապետում բոլոր հանգամանքներին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ կողմ է, որպեսզի «ողջ Ֆրանսիայում աշակերտներն ու մեծահասակները պաշտպանված լինեն»։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սեպտեմբերի վերջին սկսվել են մայրաքաղաքային Իլ-դը-Ֆրանս շրջանում և այժմ տարածվել են ամբողջ երկրում։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակներից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգում առկա այլ խնդիրներից։ Որոշ վայրերում ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։

Այս ընթացքում իրավապահները ավելի քան 5 հազար ձերբակալություն են իրականացրել, որոնց 90 տոկոսը եղել է անչափահասների շրջանում։

Leave a Comment