Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) առնվազն 30 մարդ է զոհվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ գետում երկու նավերի բախման հետևանքով։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ զոհերից բացի, մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Կոնգոյի մամուլի գործակալությունը հայտնում է, որ փրկվել է 57 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկու նավերի բախումը տեղի է ունեցել Կոնգո գետում։ Նավերից մեկը Բուսինգա քաղաքից ուղևորվում էր երկրի մայրաքաղաք Կինշասա, իսկ մյուսը՝ Կինշասայից դեպի Լուկոլելու։ Նավերից մեկում եղել է 163 մարդ։ Երկրորդ նավի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։