Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բայրամովը ամերիկյան կողմին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։

«Նշվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բարձր մակարդակի հանդիպումից հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության ուղղությամբ արձանագրված զգալի առաջընթացը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բայրամովն ու Ռուբիոն ընդգծել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև 2026 թվականի փետրվարին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայով սահմանված առաջնահերթ ուղղություններով գործող աշխատանքային խմբերի գործունեության կարևորությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ 2026 թվականին ռազմավարական գործընկերության շրջանակում արձանագրված կարևոր արդյունքները, այդ թվում՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի շրջանակում էներգետիկայի, ածխաջրածինների հետախուզման, մշակման և արդյունահանման, ներդրումների, թվային տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում ստորագրված փաստաթղթերը զգալիորեն ընդլայնել են երկկողմ համագործակցության գործնական բովանդակությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment