ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Փաթելը և ամերիկահայ քանթրի երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը հայտարարել են նշանադրության մասին։ Երգչուհին X սոցիալական ցանցում համատեղ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով նշանադրության մատանին։
Ուիլքինսը լուսանկարին կից կատակել է, թե «օրենքն է ներգրավել»՝ ակնարկելով փեսացուի պաշտոնը։
Փաթելը վերահրապարակել է լուսանկարը՝ ավելացնելով սրտի և մատանու էմոջիներ։
Փաթելը 46 տարեկան է, Ուիլքինսը՝ 27։ Նրանք ծանոթացել են Նեշվիլում 2022 թվականին, սկսել էին հանդիպել 2023-ի սկզբին, գրում է Parade-ը։
Նշանադրության մասին զույգը հայտնել է հոկտեմբերի 4-ին։
Իր հայկական ծագման մասին Ուիլքինսն ավելի վաղ խոսել է Քեթի Միլլերի փոդքասթում։ Հաղորդավարուհին երգչուհուն հարցրել է համացանցում տարածվող պնդումների մասին, թե նա կապ ունի իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ։
«Ես հրեա չեմ, քրիստոնյա եմ։ Ես հայ եմ»,- պատասխանել է Ուիլքինսը։ Նա հավելել է, որ երբեք Իսրայել չի այցելել և չի հասկանում, թե որտեղից են ծագել այդ ենթադրությունները։
Ուիլքինսն իր առաջին՝ Grit մինի ալբոմը թողարկել է 2023 թվականին։ Երաժշտական գործունեությունից բացի՝ նա մեկնաբանում է քաղաքական իրադարձությունները և մասնակցում պահպանողական շրջանակների միջոցառումներին։
