Քոչարյանը սահմանային անվտանգության հարցին պատասխանելիս հիշել է Հռոմը փրկած սագերին

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը ցույց է տալիս, որ սահմանային ուղեկալների հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

«Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա»,- ասել է նա՝ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիքի մարզ ներթափանցելու և Շաքի հասնելու հանգամանքներին։

Քոչարյանի խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե որ կառույցի աշխատանքում է թերացում գրանցվել։ Նա նշել է, որ մինչև ուրբաթ ակնկալում է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որից հետո կկարողանա խոսել «թերացման խորության» մասին։

«Հիմա մեր սահմաններն ունեն խնդիրներ, որոնց հետ կապված պետք է գտնենք լուծումներ՝ թե՛ անձնակազմի, թե՛ մշտադիտարկման հնարավորությունների առումով։ Մշտադիտարկումը մեզ հնարավորություն կտար ավելի արդյունավետ սահմանների պահպանությանը մոտենալ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ սահմանային հատվածներում կան ինժեներական կառույցներ, սակայն դրանք բավարար չեն, և անհրաժեշտ է ստեղծել ծառայության այնպիսի համակարգ, որը թույլ կտա մշտապես վերահսկել միայն ինժեներական միջոցներով չվերահսկվող հատվածները։ Քոչարյանը նշել է, որ այդ հարցում անելիքներ ունեն պաշտպանության ոլորտի կառույցները, Ազգային անվտանգության ծառայությունը և տեղական մարմինները։

Պատգամավորը չի բացառել նաև, որ Շաքի հասած զինծառայողից բացի այլ անձինք կարող էին ներթափանցած լինել Հայաստանի տարածք։

«Ամեն ինչ հնարավոր է։ Դրա համար բոլոր ծառայությունները համակցված պետք է միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլ տոտալ ամբողջ տարածքը, այսպես ասած, տակնուվրա անեն»,- հայտարարել է նա։

Քոչարյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման բոլոր հնարավոր վարկածները՝ այդ թվում՝ պարզելու՝ այն միտումնավոր և նախապես ծրագրված էր, թե ոչ։ Քոչարյանի խոսքով՝ փաստերի համադրումը միանշանակ չի վկայում նախապես ծրագրված գործողության մասին, սակայն այդ վարկածը նույնպես պետք է ամբողջությամբ ստուգվի։

Պատգամավորն անդրադարձել է նաև Շաքիում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի գործողություններին՝ նշելով, որ նա կարողացել է պաշտպանել իրեն և երեխաներին ու զինաթափել ադրբեջանցի զինծառայողին։

«Դա նշանակում է՝ այդքան էլ պատրաստված անձնակազմի հետ գործ չունենք։ Գործ ունենք Հայաստան թափանցած՝ համազգեստով Ադրբեջանի զինված ուժերի ծառայողի հետ»,- ընդգծել է Քոչարյանը։

Armenia Today-ի հարցին՝ արդյոք նման դեպքերից խուսափելու համար համարժե՞ք է Անգեղակոթի ղեկավարի՝ սահմանամերձ բնակիչներին շուն պահելու և դռներն ու պատուհաններն ամուր փակելու խորհուրդը, Քոչարյանը պատասխանել է․ «Հռոմն էլ ղազերը փրկեցին, շներն էլ կարող են փրկել, նրանք վտանգը զգում են, ձայն են հանում։ Հիմա խնդիրը՝ մենք այդ ամբողջը ոնց ենք տեսնում էշելոնացված, համակարգված։ Այդ խնդիրների լուծումը երբ քայլ առ քայլ կունենանք, նման թափանցումները շատ հնարավոր է ամբողջությամբ բացառել»։

Քոչարյանը հիշեցրել է նաև 2023 թվականին Հայաստանի տարածք երկու ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման դեպքը՝ նշելով, որ դրանից հետո սահմանների ամրացման ուղղությամբ «մեծ ծավալի աշխատանքներ» են կատարվել։

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի Նասիմի Մուսաևը Շաքիում հոկտեմբերի 1-ին կրակել էր 39-ամյա Անի Ավետիսյանին։ Ավետիսյանի հարազատները ԶԼՄ-ներին ավելի ուշ պատմել էին, որ ադրբեջանցին Ավետիսյանի երկու երեխային պատանդ է վերցրել, իսկ Ավետիսյանը նրանց պաշտպանելիս հրազենային վնասվածք է ստացել ոչ միայն ոտքի շրջանում, այլև կորցրել է ձախ ձեռքի 3 մատը։ Ավետիսյանը վիրահատության է ենթարկվել։  Նրա երկու երեխաները նույնպես տուժել էին, տղան դաստակի շրջանում էր վնասվածք ստացել և վիրահատվել էր։

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, Մուսաևը երկու ամսով կալանավորել է, նրան մեղադրանք է առաջադրել հինգ հոդվածով։ Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Մուսաևն անհետացել էր սեպտեմբերի 26-ին։ Միևնույն ժամանակ՝ դեռևս պարզ չէ, թե ե՞րբ էր նա հատել Հայաստանի սահմանը և մինչ հայ ընտանիքի վրա հարձակումը քանի՞ օր էր գտնվել Հայաստանի տարածքում։

 

Leave a Comment