Էստոնիան ձեռք է բերում Ռուսաստանի խորքը հարվածող սպառազինություն

auroranews.am Էստոնիան զորքերն ավելի մոտ է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանին՝ հնարավոր ներխուժման դեպքում, և ակտիվորեն ձեռք է բերում սպառազինություն, որն ունակ է հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքը, գրում է Ֆայնենշլ Թայմսը՝ հղում անելով էստոնացի պաշտոնյաներին և զինվորականներին։ Այսպես, անցյալ տարի երկիրը պայմանագրեր է ստորագրել ինը «Հայմարս» և ևս ինը «Չունմու» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման համար, որոնք ունեն մինչև 300 կմ հեռահարություն։ Բացի այդ, Լոնդոնը պատրաստ է Տալլինին տրամադրել «Նյան» տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։


 


Էստոնական առաջին բրիգադի հրամանատար, գնդապետ Տարմո Կունդլան հայտարարել է, որ իր ստորաբաժանումն վերջնականապես կտեղափոխվի Յիհվի քաղաք, որը գտնվում է ռուսական սահմանից 50 կմ հեռավորության վրա։ «Մենք պետք է սկսենք սահմանից և հաղթանակներ տանենք հենց առաջին ճակատամարտերից», – ասել է նա։


 


Բացի այդ, Էստոնիայի իշխանությունները սահմանամերձ Նարվայում ռազմական բազա են կառուցում 1000 զինծառայողի համար։ Ենթադրվում է, որ այնտեղ մշտական հիմունքներով կտեղակայվեն 200 զինվոր, իսկ ևս 800 մարդ այնտեղ կկարողանան ուղարկել ճգնաժամի դեպքում։


 


Էստոնիայի ռազմական և հետախուզական ղեկավարությունը կարծում է, որ Կրեմլը առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը՝ ալյանսի ամրությունը ստուգելու նպատակով, գրում է Ֆայնենշլ Թայմսը։ «Հուսալի զսպման համար անհրաժեշտ է մեր դեմ ագրեսիան աներևակայելի դարձնել։ Մեր նպատակը պարզ է՝ թույլ չտալ թշնամու ներկայությունը և պատերազմի ավերածությունները Էստոնիայի տարածքում», – Ֆայնենշլ Թայմսը մեջբերում է պաշտպանության նախարար Մարտին Հերեմի խոսքերը։


 


Երկրի հետախուզությունում կարծում են, որ կրիտիկական պահը «կգա առաջիկա 1-4 տարվա ընթացքում»։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment