Երբ լույսն ու ստվերը դառնում են համահեղինակ․ «Հանդիպման տարածք» ցուցահանդեսը. «Վերնատուն»

«AHA collective»-ի պատկերասրահում բացվել է «Հանդիպման տարածք» ցուցադրությունը, որն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում արվեստագետներ Լավրենտ Հովհաննիսյանի և Կարինե Դավթյանի համատեղ աշխատանքները։ Լավրենտը մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ Կարինեն՝ տնտեսագետ։ Ներկայացված ցուցանմուշները նրանց վերջին հինգ տարիների համատեղ ստեղծագործական գործունեության արդյունքն են։

Արվեստագետների հետ զրույցում անդրադարձ է կատարվում նրանց փորձառությանն ու մտահղացմանը, նյութի փոխազդեցությանը, լույսի և ստվերի առանձնահատկություններին, ինչպես նաև ճանապարհորդությունների ընթացքում արված հետաքրքիր հետազոտություններին ու բացահայտումներին։

«Մենք աշխատում ենք նյութի և ձևի փոխարկման հետ. երբ որևէ նյութ գրավում է մեզ, փորձում ենք դրան ձև տալ, իսկ երբեմն հակառակն է լինում՝ արդեն մտածված ձևի համար համապատասխան նյութ ենք փնտրում։ Թեև աշխատում ենք բազմազան նյութերով և ունենք բավականին հարուստ «գրադարան», որպես հիմնական նյութ կարող եմ առանձնացնել ալյումինը»,— նշում է Կարինե Դավթյանը։

Լույսն ու ստվերն իրենց երրորդ համահեղինակներն են, որոնք մասնակցում են հատկապես աշխատանքն ավարտելուց հետո։ Լույսն ու դրա հետևանքով առաջացող ստվերն ընդունակ են ամբողջությամբ փոխել արդեն ֆիքսված աշխատանքը։ Սա հեղինակների համար մեծ փորձարկում է, քանի որ յուրաքանչյուր ավարտուն գործից հետո անսպասելի նոր բացահայտումներ են անում։ Անդրադառնալով լույսի ընկալմանը՝ Լավրենտ Հովհաննիսյանը նկատում է. «Առօրյայում լույսի ընկալումը բավականին ձևախեղված է։ Մարդիկ հաճախ փախչում են ստվերից, որովհետև այնտեղ առանձնանում ես, ապրում հոգևոր որոշակի զգացողություն, կարողանում ես կենտրոնանալ, մտքերդ հավաքել ու վերլուծել կյանքը։ Մեր կյանքի արագացված ռիթմը թույլ չի տալիս կանգ առնել։ Մարդիկ ձգտում են չափազանց լուսավոր միջավայրի, կարծես ստվերն իրենց համար անհարմարություն է ստեղծում»։ «Լույսի ու ստվերի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվել է կյանքի տեմպին համընթաց, ստվերի նկատմամբ վերաբերմունքը գալիս է  լավ իմաստով «դանդաղ ապրելու» ցանկությունից»,— հավելում է Կարինե Դավթյանը։

Ցուցահանդեսի համադրողը «AHA collective»-ի հիմնադիր Նաիրի Խաչատուրյանն է։ Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 11-ը։ Այն կարելի է այցելել «AHA collective» ցուցասրահում (հասցե՝ Մոսկովյան 31) երկուշաբթիից շաբաթ օրերին, ժամը 16:00-19:00-ն։

Leave a Comment