Ֆիզիկական ԱԲ-ից մինչև ՀՀ տեխնոլոգիական ապագան. մեկնարկեց «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Ֆիզիկական ԱԲ-ից մինչև ՀՀ տեխնոլոգիական ապագան. մեկնարկեց «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը


«Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World). այսպիսին է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի խորագիրը, որը մեկնարկեց այսօր Ինժեներական քաղաքում:


 


Այն անցկացվում է արդեն 10-րդ անգամ, իսկ կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի և այլ կառույցների հետ համատեղ:


 


«Երբ խոսում ենք Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին, հաճախ առաջին հերթին պատկերացնում ենք ծրագրային ապահովումը, արհեստական բանականությունը կամ նոր թվային լուծումները, բայց այս ամենի հիմքում նաև ուժեղ ինժեներական մտածողությունն է, գաղափարը նախագծելու, կառուցելու և իրականություն դարձնելու կարողությունը»,- բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը՝ շարունակելով.


 


«Այսօր տեխնոլոգիաները չեն սահմանափակվում միայն թվային միջավայրով, ԱԲ-ն մտնում է ֆիզիկական աշխարհ՝ ռոբոտաշինություն, ինքնավար համակարգեր, խելացի սարքեր: Տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունը լինելու են արտադրական նոր լուծումները: Մեզ համար կարևոր է, որ կարողանանք ոչ միայն օգտվել այդ տեխնոլոգիաներից, այլ նաև մասնակցել դրանց ստեղծմանը՝ զարգացնելով մեր ինժեներական, գիտական և արտադրական կարողությունները, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կրթությունը, գիտությունը և մասնավոր սեկտորը աշխատեն ավելի սերտ, որպեսզի համալսարաններում ձևավորվող գաղափարները ճանապարհ ընկնեն դեպի լաբորատորիաներ, արտադրություն և շուկա»:


 


«Հայաստանը տեխնոլոգիական ոլորտում առաջատար դիրքերում է, և այդ արդյունքները արդեն տեսանելի են»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:


 


Նա նաև հետհայաց գցեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:


 


«5 ամիս առաջ Երևանն առաջին անգամ ընդունեց ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, ինչը շատ կարևոր միջոցառում էր, ու այդ հանդիպումների ժամանակ կողմերը վերահաստատեցին փոխադարձ համագործակցության պատրաստակամության մասին:


 


Ի թիվս այլ ոլորտներում համագործակցության՝ մենք Հայաստանի հետ կառուցում ենք նաև թվային համագործակցություն: ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ժամանակ մենք ստորագրեցինք մի շարք համաձայնագրեր ՀՀ կազմակերպությունների և հիմնադրամների հետ, որոնց մեծ մասը տեխնոլոգիական ընկերություններ էին, ինչպես, օրինակ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիսը»,- նշեց նա: 


 


Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանն էլ նկատեց, որ իր համար մեծ պատիվ է թե՛ որպես ինժեներ, թե՛ PMI Science գիտահետազոտական կենտրոնի տնօրեն 10-րդ անգամ անընդմեջ մասնակցել այս միջոցառմանը, որովհետև այն, ըստ Մարդոյանի, եզակի հարթակներից է, որտեղ խոսում են աշխարհին վերաբերող իրական ինժեներինգից:


 


«Մենք՝ որպես ինժեներական համայնք, տասը տարի առաջ աշխատում էինք ինքնավար տեխնոլոգիաների հետ աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ միասին, աշխատում էինք նաև ինդուստրիալ ավտոմատացման վրա, այսինքն՝ բավականին շատ հիմքեր ունենք դրված, որպեսզի այս նոր մարտահրավերը կարողանանք հաղթահարել: Նոր մարտահրավերը, ինչպես տեսնում ենք թվային աշխարհում, արհեստական բանականության կիրառելիությունն է, քանի որ կազմակերպությունները մեծ ներդրումներ են անում, բայց իրական չափելի օգուտներ քչերն են ստանում: Կարծում եմ՝ ֆիզիկական ԱԲ-ի հետ նույնն է լինելու, հետևաբար հիմնականում խնդիր է դրվում արհեստական բանականության միջոցով վերաիմաստավորել մեր պրոցեսները՝ փոխել դրանք, կատարելագործել, շոշափելի օգուտներ ստանալ»,- նշեց Մարդոյանը:


 


Նկատենք, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ում համախմբվել են գիտության, ճարտարագիտության, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և ոլորտով հետաքրքրված մասնագետներ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների և համագործակցության հնարավորությունների ձևավորման նպատակով։


 


Միջոցառումների շարքը նաև հարթակ է Հայաստանի ճարտարագիտական ներուժը, տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարական լուծումները ներկայացնելու և տեղական ու միջազգային գործընկերների միջև կապերն ամրապնդելու համար։


 


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հիշում է՝ 2000-2002 թվականներից ՀՀ կառավարությունը և ամբողջ համայնքը որոշել են, որ ՏՏ ոլորտը՝ բարձր տեխնոլոգիաները, ՀՀ-ում առաջնայնություն են.


 


«Բավականին լուրջ հաջողությունների հասանք՝ 10 հազար կազմակերպություն, 20 հազար աշխատող և այսպես շարունակ, ու տասը տարի առաջ մի պահ կանգնեցինք և մտածեցինք, թե որն է հաջորդ հնարավորությունը և Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ապագան: Առաջին անգամ համայնքը՝ բոլորս միասին որոշեցինք, որ դա միայն IT-ն չի, այլ բարձր տեխնոլոգիաներն են: Որպեսզի հաջողեինք, պետք էր միասնական լինել, և ես այստեղ չեմ կարող չհիշել Չարենցին, որ ասում է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»: Օ՜, Hi-Tec, քո միակ փրկությունը մեր բոլորի միասնության մեջ է՝ Կառավարություն, գիտություն, կրթություն, համայնք և այլն»:


 


Ենգիբարյանը նաև հավելում է՝ տասը տարի առաջ, երբ հավաքվում ու մտածում էին, թե որն է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ապագան, պատկերացնել անգամ չէին կարող այսօրվա միջավայրի մասին, սակայն հենց այն ժամանակ մտորումների արդյունքում ստեղծվեց ինժեներական շաբաթ միջոցառումը:


 


«Եվ պատահական չէր, որ որոշեցինք այն անել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որ ցույց տայինք, որ դա հնարավոր է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանում, բարձր տեխնոլոգիաները դա Երևանը չի, դա Հայաստանն է:


 


Աստված մեզ մի նոր նվեր ուղարկեց, որի անունն է ԱԲ, հիմա արդեն ֆիզիկական ԱԲ: Չեմ կարծում, որ այն ժամանակ կանխազգացել էինք, բայց պարզվեց՝ Հայաստանը Կառավարության, կրթության, համայնքի, ինժեներների և վերազգային կազմակերպությունների մասնակցությամբ կարողացավ թե՛ կռահել, թե՛ գուշակել, թե՛ նաև պլանավորել այս ապագան, որի անունն է ֆիզիկական ԱԲ, որը նոր ու աներևակայելի հորիզոններ է բացում մեր երկրի համար: Պետք է ուս ուսի տանք, որ կարողանանք շարունակել այն մեծ հաջողությունները, որ արդեն ունենք այս ոլորտում, և ճիշտ դիրքավորվենք այս նոր աշխարհում»,- եզրափակեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը:


 


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment