
Պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Իրանի իր պաշտոնակցին է ներկայացրել TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչի մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
ԱԳ նախարարներն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների ռազմավարական բնույթը:
Միրզոյանը և Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձել են նաև Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներն Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտնել էր, թե Հայաստանի արտգործնախարարի այցը Թեհրան իրականացվում է Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ ընթացող խորհրդակցությունների շրջանակում։