05 Հոկտեմբերի 2026, 15:30
«Այբ» կրթական հանգույցը ներկայացնող հայ դպրոցականներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանը դարձել են CBE JU Bioeconomy Prize մրցանակի դափնեկիրներ՝ Երիտասարդ գիտնականների եվրոպական 37-րդ մրցույթում՝ EUCYS 2026-ում։
Նրանց Airify նախագիծը կենսաքայքայվող օդի ֆիլտր է, որը պատրաստված է եգիպտացորենի կեղևից ստացված կենսազանգվածից։ Սարքը համատեղում է գյուղատնտեսական թափոնների վերամշակումն ու առաջադեմ «կանաչ» տեխնոլոգիաները։ Այն պատված է տիտանի երկօքսիդով (TiO₂), ինչը ֆիլտրին հնարավորություն է տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ ինքնամաքրվել։
Էկոլոգիապես մաքուր եղանակով ստացված արծաթի նանոմասնիկները ֆիլտրին հաղորդում են հակաբակտերիալ հատկություններ։ CBE JU-ի տվյալներով՝ ֆիլտրը օդից հեռացնում է պինդ մասնիկների մինչև 90 տոկոսը։
Հայ դպրոցականների աշխատանքը ճանաչվել է լավագույններից մեկը՝ 37 երկրներից ներկայացված երիտասարդ հետազոտողների 144 նախագծերի շարքում, որոնք ընդգրկում էին գիտության 10 ուղղություն։
Հայկին, Տիգրանին և Հովհաննեսին հրավիրել են Բրյուսել, որտեղ նրանք իրենց մշակումը կներկայացնեն եվրոպական կառույցների ներկայացուցիչներին, CBE JU-ի փորձագետներին և կենսատնտեսության ոլորտի մասնակիցներին։