Iravaban.net–ը ներկայացնում է, թե օրենքով որ դեպքերում է շենքը, շինությունը կամ այլ կառույցը համարվում ինքնակամ, ինչ է նախատեսված նման կառույցների համար և ինչ պատասխանատվություն է կրում հողամասի սեփականատերը։
Ի՞նչ է համարվում ինքնակամ կառույց
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում այն շենքը, շինությունը կամ այլ կառույցը, որը կառուցվել, վերակառուցվել կամ տեղադրվել է՝
- դրա համար օրենքով սահմանված կարգով չհատկացված հողամասում,
- առանց համապատասխան թույլտվության,
- թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ,
- կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով։
Այսինքն՝ կառույցի ինքնակամ լինելու հարցը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հողի նկատմամբ իրավունքի բացակայությամբ, այլև շինարարության թույլտվության, դրա պայմանների կամ քաղաքաշինական պահանջների խախտմամբ։
Ինքնակամ կառույցը չի կարող օրինականացվել
Օրենսգիրքը սահմանում է, որ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման կամ ապամոնտաժման։
Դրա քանդման կամ ապամոնտաժման կարգն ու ժամկետները սահմանվում են կառավարության որոշմամբ։
Հետևաբար, ինքնակամ կառուցված շինությունը չպետք է դիտարկել որպես սովորական գույք, որը հնարավոր է հետագայում պարզապես օրինականացնել։
Իսկ եթե ինքնակամ շինությամբ հողամասը գնվել է ուրիշից
Օրենքը հատուկ անդրադառնում է նաև այս իրավիճակին։
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցով հողամասը ձեռք բերած անձը, կրում է դրա օգտագործման և քանդման կամ ապամոնտաժման հետ կապված ռիսկերը։
Այսինքն՝ եթե անձը գնել է հողամաս, որի վրա առկա է ինքնակամ կառույց, նախկին սեփականատիրոջից այն գնելու փաստը ինքնին չի վերացնում նոր սեփականատիրոջ ռիսկերը։
Այդ պատճառով անշարժ գույք ձեռք բերելուց առաջ կարևոր է պարզել ոչ միայն հողի նկատմամբ սեփականության իրավունքը, այլև դրա վրա առկա շինությունների իրավական կարգավիճակը։
Ո՞վ կարող է քանդել ինքնակամ կառույցը
Եթե ինքնակամ կառույցը գտնվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասում, հողամասի սեփականատերը կարող է այն քանդել։
Օրենսգիրքը նախատեսում է նաև, որ հողամասի սեփականատերն իրավունք ունի իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը քանդել առանց դատարան դիմելու։
Միևնույն ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կամ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում գտնվող ինքնակամ կառույցների քանդման վերաբերյալ որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ի՞նչ է լինում, եթե համայնքը պահանջում է քանդել շինությունը
Ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող հողամասում կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունը, ինչպես նաև օրինական շինությանը կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածը, համայնքի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի գրավոր պահանջի դեպքում ենթակա է քանդման կամ ապամոնտաժման։
Սեփականատերը պետք է դա իրականացնի իր միջոցների հաշվին՝ պահանջը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե պահանջով ավելի երկար ժամկետ չի սահմանվել։
Քանդումից հետո պետք է վերականգնվի նաև հողամասի նախկին վիճակը։
Իսկ եթե շինությունը կառուցվել է ուրիշի հողամասում
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը պատճառված վնասը։
Վնասի մեջ կարող են ներառվել նաև՝
- ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման ծախսերը,
- հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Այսինքն՝ ինքնակամ շինության կառուցումը կարող է հանգեցնել ոչ միայն կառույցի քանդման, այլև դրա հետևանքով առաջացած ծախսերի փոխհատուցման պարտավորության։
Ի՞նչ պետք է հաշվի առնել անշարժ գույք գնելիս
Ինքնակամ կառույցով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գնորդը պետք է հաշվի առնի, որ օրենքը այդ կառույցի հետ կապված ռիսկերը փոխանցում է հողամասի նոր սեփականատիրոջը։
Ուստի գործարքից առաջ կարևոր է ստուգել՝
1. հողամասի իրավական կարգավիճակը,
2. շինության նկատմամբ գրանցված իրավունքները,
3. արդյոք կառույցը օրինականացված է,
4. արդյոք շինության առանձին հատվածներ ինքնակամ կառուցված չեն,
5. առկա՞ են արդյոք ինքնակամ կառույցի քանդման վերաբերյալ պահանջներ։
Կարևոր է հիշել
Ինքնակամ կառույցը չի դառնում օրինական միայն այն պատճառով, որ այն երկար ժամանակ գոյություն ունի կամ դրա վրա առկա է որևէ փաստացի օգտագործում։
Օրենքը նման կառույցների համար նախատեսում է քանդում կամ ապամոնտաժում, իսկ դրա հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ կառույցով հողամասը ձեռք բերելու դեպքում, կարող են կրել հողամասի սեփականատերերը։