ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ 500,000 դոլարով օտարված «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, գրում է Sputnik Արմենիան Գլխավոր դատախազության վրա հղումով:
Զինվորական դատախազությունն ուսումնասիրել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող համալիրի և դրան կից 2․56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։
Դատախազության տվյալներով՝ 2004 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ (այդ ժամանակ՝ Սերժ Սարգսյանը-խմբ.), կառավարությունը թույլատրել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքով օտարել ֆիզիկական անձի՝ գինը սահմանելով 500 հազար դոլար։
Միևնույն ժամանակ, այդ նույն գույքը դեռ 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո ռեստորանային համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Բացի այդ, օտարումից մոտ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։
Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ առանց իրավական և պայմանագրային հիմքերի ֆիզիկական անձի անունով գրանցվել է 2․56 հա հողամասի վարձակալության իրավունքը։ Հետագայում այդ գրանցումը հիմք է դարձել, որպեսզի տվյալ անձն անհատույց սեփականության իրավունք ձեռք բերի 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասի նկատմամբ։
Պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու ընթացքում դատախազն առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Դրա հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զինվորական դատախազությունը պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև դատարան, որն ընդունվել է վարույթ։