Դատարանը կալանքի է ենթարկել Սյունիքի մարզի Ծավ գյուղի չշահագործվող հանքախորշերում հորատման գործիքներով ապօրինի աշխատանքներ կատարած 3 անձանցից մեկին, հայտնել Քննչական կոմիտեն (ՔԿ)։
Ըստ գերատեսչության՝ Վարդենիսի բնակիչներ Լ.Ա.-ի, Կ.Մ.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, որը պատժվում է մինչև 10 տարվա ազատազրկմամբ) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը, որը պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ):
Խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր և պարկերով լցված հանքաքար, նշել է ՔԿ-ն։
Սեպտեմբերի 14-ին ՀՎԿԱԿ-ը զգուշարել էր, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը, ինչի համար քաղաքացիներին հորդորել էին ծորակի ջուր չօգտագործել։
