Գույքը սխալ են գնահատե՞լ․ ո՞ր դեպքում կարող է վնասը հատուցվել

Գույքի արժեքը սխալ որոշելու հետևանքով առաջացած վնասը կարող է հասնել զգալի չափերի։ Նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել գնահատման կազմակերպությունների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության կարգը և սահմանել, թե որ դեպքն է համարվում ապահովագրական պատահար։ Նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր գնահատողի կամ ծառայություն մատուցողի համար պարտադիր ապահովագրության տարեկան նվազագույն գումարը կկազմի 150 մլն դրամ։

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Կադաստրի կոմիտեի կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախագծով սահմանվում է, թե ինչ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում գնահատողի մասնագիտական սխալը կարող է ապահովագրական պատահար համարվել, ինչպես է հաստատվելու վնասը և ինչ չափով կարող է իրականացվել ապահովագրական հատուցումը։

Գնահատման կազմակերպությունները պարտադիր ապահովագրություն կունենան

Նախագծով գնահատման կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել գնահատման գործունեությունից բխող իր պատասխանատվությունը։

Խոսքը այն դեպքերի մասին է, երբ գնահատողի կամ ծառայություններ մատուցողի՝

  • մասնագիտական սխալի,
  • բացթողման,
  • մասնագիտական պահանջների կամ
  • գնահատման ստանդարտների խախտման

հետևանքով պատվիրատուին կամ շահառուին պատճառվել է դրամական վնաս։

Այսինքն՝ միայն գնահատման սխալի փաստը բավարար չի լինի․ պետք է առկա լինեն նաև օրենքով նախատեսված մյուս պայմանները։

Ո՞ր դեպքում է դեպքը համարվելու ապահովագրական պատահար

Նախագծով առաջարկվում է միաժամանակ պահանջել մի քանի պայմանների առկայություն։

Ապահովագրական պատահար կարող է համարվել այն դեպքը, երբ՝

1. գնահատման ընթացքում թույլ է տրվել մասնագիտական սխալ, բացթողում կամ պահանջների/ստանդարտների խախտում,

2. դրա հետևանքով գույքը թերագնահատվել կամ գերագնահատվել է,

3. պատվիրատուին կամ շահառուին փաստացի դրամական վնաս է պատճառվել,

4. մասնագիտական սխալի և պատճառված վնասի միջև առկա է անմիջական պատճառահետևանքային կապ,

5. վնասը առաջացել է այն գնահատման հետևանքով, որն իրականացվել է ապահովագրության պայմանագրով ընդգրկվող ժամանակահատվածում։

Այսպիսով, օրինակ, միայն այն փաստը, որ գույքի շուկայական արժեքը գնահատումից հետո փոխվել է, ինքնին ապահովագրական պատահար չի համարվի։

Գույքի գնի հետագա փոփոխությունը դեռևս «սխալ գնահատում» չէ

Նախագծով հատուկ ընդգծվում է, որ գույքի գնահատված արժեքի և գնահատումից հետո դրա շուկայական արժեքի փոփոխության հետևանքով առաջացած տարբերությունն ինքնին ապահովագրական պատահար չէ։

Ապահովագրական պատասխանատվության համար պետք է հաստատվի, որ այդ տարբերությունը պայմանավորված է գնահատման պահին թույլ տրված մասնագիտական սխալով, բացթողմամբ կամ պահանջների և ստանդարտների խախտմամբ։

Այս կարգավորումը կարևոր է, քանի որ գույքի շուկայական արժեքը կարող է ժամանակի ընթացքում փոխվել նաև այնպիսի պատճառներով, որոնք որևէ կապ չունեն գնահատողի աշխատանքի հետ։

Յուրաքանչյուր գնահատողի համար՝ առնվազն 150 մլն դրամ ապահովագրություն

Նախագծով առաջարկվում է սահմանել պարտադիր ապահովագրության տարեկան նվազագույն ապահովագրական գումարը՝ 150 մլն դրամ յուրաքանչյուր գնահատողի կամ ծառայություն մատուցողի համար։

Այսինքն՝ նախատեսվող նվազագույն ապահովագրական ծածկույթը վերաբերում է յուրաքանչյուր գնահատողի կամ ծառայություն մատուցողի։

Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը միայնակ բավարար չի լինի

Գնահատողի մասնագիտական սխալի կամ գնահատված արժեքի անարժանահավատության հարցում նախատեսվում է կիրառել մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը։

Միաժամանակ նախագծով հստակեցվում է, որ այդ եզրակացությունն ինքնին բավարար հիմք չի լինելու ապահովագրական հատուցում վճարելու համար։

Եթե համապատասխան գնահատման հաշվետվությունը դուրս է մասնագիտական հանձնաժողովի իրավասության շրջանակից, գնահատված արժեքի անարժանահավատությունը կարող է հաստատվել դատական կարգով։

Վնասի չափը և պատճառահետևանքային կապը կվճռի դատարանը

Նախագծով նախատեսվում է, որ ապահովագրական հատուցման ենթակա վնասի՝

  • փաստը,
  • չափը,
  • ինչպես նաև մասնագիտական սխալի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը

պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Հետևաբար մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ, սակայն վերջնական ապահովագրական հատուցման վճարման համար անհրաժեշտ կլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Գնահատման կազմակերպությունը փակվե՞լ է․ դա դեռ չի վերացնում ապահովագրական պահանջը

Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել այն իրավիճակները, երբ վնասը բացահայտվում է ավելի ուշ։

Պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ գնահատման կազմակերպության գործունեության դադարեցումը չի վերացնելու դրանց գործողության ընթացքում իրականացված գնահատումների հետ կապված ապահովագրական պահանջ ներկայացնելու և հատուցում ստանալու հնարավորությունը։

Այս դրույթը հատկապես կարևոր է այն դեպքերի համար, երբ գնահատման պահին թույլ տրված սխալի հետևանքը անմիջապես չի բացահայտվում։

Նախատեսվում են նաև փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում

Հարակից նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում։

Մասնավորապես, նախատեսվում է, որ գնահատման գործունեությունից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագիրը կարող է տարածվել նաև պայմանագրի գործողության ընթացքում հաստատված գնահատման հաշվետվությունների հետևանքով հետագայում առաջացած ապահովագրական պատահարների վրա։

Այսինքն՝ ապահովագրական պաշտպանությունը չի սահմանափակվի միայն այն ժամանակահատվածով, երբ ապահովագրության պայմանագիրն անմիջականորեն գործում էր։

Ինչո՞ւ է առաջարկվում այս կարգավորումը

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ գնահատման արդյունքները կարող են հիմք հանդիսանալ խոշոր գույքային և ֆինանսական նշանակություն ունեցող գործարքների ու այլ իրավահարաբերությունների համար։

Հետևաբար մասնագիտական սխալը կարող է հանգեցնել գույքի թերագնահատման կամ գերագնահատման և, դրա արդյունքում, պատվիրատուի կամ այլ շահառուի համար իրական ֆինանսական վնասի։

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ստեղծել ավելի հստակ և կանխատեսելի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի տարբերակել մասնագիտական սխալի հետևանքով առաջացած վնասը գույքի շուկայական արժեքի սովորական փոփոխությունից և ապահովագրական պաշտպանության միջոցով կարգավորել այդ ռիսկը։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment