Գերմանիայի կանցլերը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 միլիարդ եվրոյի օգնության նոր խոշոր փաթեթ տրամադրելու մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կիև կատարած անսպասելի այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային տրամադրվող օգնության խոշոր փաթեթի մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։ Խոսքը սպառազինությունների ձեռքբերման համար նախատեսված 1 միլիարդ եվրոյի, ինչպես նաև Ռուսաստանի շարունակական հարվածներից տուժած էներգետիկ հատվածի վերականգնմանն ուղղված 350 միլիոն եվրոյի մասին է։

Գերմանիայի կառավարության ղեկավարին ուղեկցում են էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեն, ինչպես նաև էներգետիկ և պաշտպանական արդյունաբերության առաջատար ձեռնարկությունների ղեկավարներից կազմված ներկայացուցչական պատվիրակությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ որպես Կիևի ամենախոշոր աջակցի։ Այցն անցնում է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում, հատկապես այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել էր օտարերկրյա քաղաքացիներին ու դիվանագետներին Ուկրաինա մեկնելու ռիսկերի մասին։

Գերմանական պատվիրակության այցի ընթացքում մայրաքաղաքում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, իսկ ռուսական կողմը հերթական հարվածն է հասցրել Կիևի Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային կամրջին։ Մերցը Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ իրենց հնարավոր չէ վախեցնել անգամ այցի ժամանակ տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումներով։

Այցի ընթացքում Գերմանիան և Ուկրաինան նոր համաձայնագրեր են կնքել պաշտպանության ոլորտում։ Կանցլերի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են համատեղ արտադրել անօդաչու թռչող սարքեր, ավելի քան 1000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ, ինչպես նաև արբանյակային սարքավորումներ, որոնք կօգնեն ուկրաինական բանակին թիրախների հայտնաբերման հարցում։

Նա հավելել է, որ այս օգնությունը բխում է նաև հենց Գերմանիայի ու ողջ Եվրոպայի շահերից, քանի որ պաշտպանական ոլորտի գործարարները դասեր են քաղում ուկրաինական ռազմական փորձից։

Այցի շրջանակներում Ֆրիդրիխ Մերցը Մայդանում հարգել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակը, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիի ուղեկցությամբ այցելել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիա, որը տուժել է ռուսական հարձակման հետևանքով։ Նա դատապարտել է ենթակառուցվածքներին հասցվող հարվածները՝ դրանք անվանելով ամենօրյա ռազմական հանցագործություններ, և ուղիղ դիմել ՌԴ նախագահին՝ կոչ անելով դադարեցնել այս անիմաստ պատերազմն ու խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, միաժամանակ հայտնելով բանակցելու պատրաստակամության մասին։

Սա Ֆրիդրիխ Մերցի երկրորդ այցն է Կիև դաշնային կանցլերի պաշտոնում։ Առաջին անգամ նա Ուկրաինա էր ժամանել 2025 թվականի մայիսին՝ Բունդեսթագում երդմնակալությունից ընդամենը չորս օր անց։

Leave a Comment